Թուրքիայում բողոքի ցույցի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 100 ուսանող

123

Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Բոսֆորի համալսարանի նոր ռեկտորի նշանակման կապակցությամբ սկսված ուսանողական ցույցերի 159 մասնակից բերման է ենթարկվել: Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 1-ին, հայտնել է Ստամբուլի նահանգապետարանը։

Իշխանությունների խոսքով՝ ուսանողների ձերբակալությունները հաջորդել են «ակցիան դադարեցնելու նախազգուշացումներին»։ Միևնույն ժամանակ, ըստ քաղաքապետի ներկայացուցիչների, ուսանողները ցույց են իրականացրել ռեկտորի աշխատանքային տարածքում:

AFP գործակալությունը, վկայակոչելով դեպքի վայրից տեսանյութը, նշում է, որ ակցիան խաղաղ է եղել, իսկ իրավապահները ուժ են կիրառել այն ցրելու համար:

Ուսանողները պահանջել են ոչ միայն ռեկտորի հեռացումը, այլև ազատ արձակել չորս ուսանողի, որոնց բերման էին ենթարկվել ԼԳԲՏ համայնքի դրոշի ու Մեքքայի սուրբ Քաաբայի պատկերը համալսարանի շենքին փակցնելու համար: Էրդողանը մեղադրել էր ԼԳԲՏ շարժման ներկայացուցիչներին վանդալիզմի մեջ:

Բարձրագույն ուսումնական հաստատության նոր ռեկտորը տնտեսագետ Մելիհ Բուլուն է, որը 2015-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր Էրդողանի գլխավորած իշխող պահպանողական «Արդարություն և զարգացում»  կուսակցության  կողմից:

Էրդողանը երկրորդ անգամ է, որ համալսարանի ռեկտոր է նշանակում իր վստահելի անձին. նշում է AFP-ն: Մինչ 2016-ի հուլիսը Թուրքիայի բուհերի ռեկտորներն ընտրվում էին քվեարկությամբ: