Թավշյա խաբկանք․ քանի՞ Նիկոլ Փաշինյան կա Հայաստանում. «168 ժամ»

100

«Իշխանություն–հասարակություն հարաբերություններում կա նույնականացման՝ իդենտիֆիկացիայի բաղադրիչ։ Դա չի արձանագրվում որևէ նախընտրական բուկլետում կամ քվեաթերթիկում անգամ, այլ գտնվում է հանրային հոգեբանության տիրույթում ու արտահայտվում է նրանով, որ հասարակությունն իշխանությանը համարում է իրենը, իրեն նույնականացնում է իշխանության առանձին կրողների ու հավաքական իշխանության հետ։ Նաև այս ֆենոմենը կամ հակաֆենոմենն է ընկած հասարակության ինչ-որ հատվածի կողմից Նիկոլ Փաշինյանի անվերապահ, անբնական ու անբանական աջակցության հիմքում՝ անգամ այն դեպքում, երբ խոսքը կարող է վերաբերել դավաճանությանը կամ հայրենազրկմանը․ մարդկանց այդ տեսակն ու հատվածը Նիկոլ Փաշինյանի մեջ տեսնում է իրեն, իր անձը նույնականացնում է Նիկոլ Փաշինյանի հետ։

Սա, իհարկե, չափազանց ցավալի արձանագրում է, քանի որ վկայում է, որ հասարակության առնվազն այդ հատվածը կրում է այն նույն որակները, որոնք Նիկոլ Փաշինյանին մղել են գնալու ամենաամոթալի քայլերի։ «Մենք բոլորս Նիկոլ ենք»,- այս հոտային բանաձևն է ընկած Նիկոլ Փաշինյանի աջակիցների դրդապատճառներում։

Նիկոլ Փաշինյանին  աջակցողների այս խավը նրան պաշտպանում է այնպես, ինչպես կպաշտպանի սեփական անձը, հենց դա է նույնականացումը։ Այս մարդկանց համար Նիկոլ Փաշինյանին աջակցելուց հրաժարվելը հավասարազոր է սեփական անձին դավաճանությանը։ Այդ աջակցությունից հրաժարվելու համար այդ տեսակի մարդիկ, որոնք քիչ չեն, պետք է գտնեն նոր անհատի, նոր կուռքի, որի հետ կնույնականացնեն իրենք իրենց։ Նիկոլ Փաշինյանն ինքը գիտակցել ու հասկացել է այս իրողությունը, ու նաև դրա համար է ամենաշատը կրկնում «ժողովրդի իշխանություն» արտահայտությունը․ դրա հասցեատերը հասարակության հենց այն հատվածն է, որը բաղկացած է հազարավոր կամ գուցե տասնյակ-հազարավոր նիկոլներից։

Մեր նման հասարակություններում այս սինդրոմն ինչ-որ իմաստով օրինաչափ է, այն բխում է մի կողմից՝ ցածր գիտակցությունից, մյուս կողմից՝ պետական ինստիտուտների անկատարությունից, ինչի պատճառով քաղաքացին իրեն նույնացնում է ոչ թե հայրենիքի, պետության, այլ առանձին վերցրած անհատի կամ անհատների հետ։ Ընտրական ցանկացած գործընթացում՝ արտահերթ, թե հերթական, այս երևույթը զգալի ազդեցություն է ունենալու։ Ընտրություններում մարդիկ ձայն են տալու նրան, ում անձի հետ իրենք ամենաշատն են իդենտիֆիկացնելու սեփական եսը։

Հասարակությանն այս հոգեբանական գերությունից ազատելու համար լրջագույն աշխատանք է պետք։ Պարզամիտ կարգախոսներն այդ խնդիրը ոչ միայն չեն լուծում, այլև ավելի են խորացնում։ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թշնամի» և այլ նման կարգի ուղերձները մարդկանց այդ տեսակն ընկալում է՝ որպես սեփական անձին ուղղված մեղադրանք, քանի որ իրեն նույնացնում է այդ մեղադրանքի հասցեատիրոջ հետ։

Արդյունքում՝ որքան ավելի շատ են ընդդիմախոսները պայմանականորեն հայհոյում Նիկոլ Փաշինյանին, այնքան ավելի են ամրացնում նրա դիրքերը հասարակության այն հատվածի շրջանում, որը քաղաքական նախընտրությունները կառուցում է ոչ թե բանականության, փաստերի ու փաստարկների, այլ իռացիոնալ զգացմունքների վրա։ Հասարակության այդ հատվածը, որը, կրկնում ենք, փոքր հատված չէ, լուրջ է վերաբերվել Նիկոլ Փաշինյանի այն խաբեությանը, որ Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ։

Մարդկանց դուր է գալիս ապրել այդ խաբկանքով, իսկ այդ մոլորությամբ առաջնորդվողների համար Նիկոլ Փաշինյանին ուղղված ցանկացած խոսք կամ քայլ ուղղված է սեփական անձի՝ սեփական «վարչապետության» դեմ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: