Էդմոն Մարուքյանն առաջարկել է հակահամաճարակային պայմանների ապահովմամբ՝ ազատազրկման վայրերում թույլատրել տեսակցությունները

109

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեոկավար Էդմոն Մարուքյանը առաջարկել է հակահամաճարակային պայմանների ապահովմամբ՝ ազատազրկման վայրերում թույլատրել ազատազրկված անձանց հետ ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև տեսակցությունները։

«Այսօր դիմել եմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ հետևյալ խնդրի առնչությամբ.

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ նախորդ տարվա մարտ ամսից արտակարգ դրության իրավական ռեժիմի ուժով՝ մի շարք սահմանափակումներ են մտցվել և մինչ այժմ կիրառվում, այդ թվում՝ արգելվել է քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց տեսակցությունը։

Մեզ են դիմել ազատազրկված անձանց հարազատներ, ովքեր հայտնում են իրենց արդարացի դժգոհությունը վերը նշված արգելքի վերաբերյալ։ Ազատությունից զրկված անձիք արդեն մեկ տարի է, ինչ չեն տեսակցել իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին։

Ակնհայտ է, որ սա կարող է ազդել դատապարտյալի բարոյահոգեբանական վիճակի, վերասոցիալիզացիայի վրա, ինչպես նաև նման վերաբերմունքը կարող է դիտարկվել որպես դաժան վերաբերմունք ազատազրկված անձի նկատմամբ։

Ըստ այդմ՝ առաջարկել եմ հակահամաճարակային պայմանների ապահովմամբ՝ ազատազրկման վայրերում թույլատրել ազատազրկված անձանց հետ ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև տեսակցությունները։

Պատասխանն ստանալուն պես այն կհրապարակվի իմ պաշտոնական էջում», – նշել է Մարուքյանը։