Այդ դեպքում ո՞րն է ռուս խաղաղապահների գործառույթը. Lragir

260

Lragir-ը գրում է. «Այսօր բոլորին ակնհայտ է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, բայց հիմա չի կարելի քննարկել այն, որովհետեւ կարգավիճակի շուրջ քննարկումների դաշտում ցանկացած էսկալացիա հանգեցնում է նրան, որ հզորագույն լարում է առաջանում», – ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը։ Նա մատնացույց է արել նաեւ այն, որ հակամարտության կողմերի դիրքորոշումն այս հարցում շատ է տարբերվում, անգամ Հայաստանի ներսում են քննարկումներ ընթանում։ «Իսկ ես հիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը», – ասել է նա։

Ռուսաստանը չի թաքցնում, որ կարգավիճակի հարցի քննարկումն անտեղի է համարում՝ կրկնելով Ալիեւին, որ «հակամարտությունն արդեն անցյալում է»։ Չի բացառվում, որ ելնելով դրանից, Ռուսաստանը տորպեդահարում է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը։

Անցած շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան, բայց ամսաթիվը դեռ որոշված չէ։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է 3 ամիս, իսկ Մինսկի խմբի համանախագահներն այդպես էլ չեն այցելել տարածաշրջան ամբողջ կազմով։ Դեկտեմբերի 12-13-ին ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները եղան Բաքվում ու Երեւանոմ։ Ռուս համանախագահի բացակայության պատճառով, ինչպես հայտարարվեց, նրանց հետ չի հանդիպել Արցախի նախագահը։

Բայց Հայաստանը գործնական քայլեր չի ձեռնարկել Արցախի անկախության ճանաչման համար։ Լուսավոր Հայաստան խորհրդարանական խմբակցությունը մշակել է Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձեւի նախագիծ, բայց «այս պահին նպատակահարմար չի համարում այն կյանքի կոչելու»։ Այս մասին դեկտեմբերի 11-ին ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանի խոսքով, պատասխանատու կուսակցությունը չի կարող քայլեր ձեռնարկել, որոնք կարող են կասկածի տակ դնել որեւէ մեկի կյանքը կամ էլ որեւէ գործընթաց։

Որտեղի՞ց է գալիս կյանքի կամ գործընթացի համար սպառնալիքը, կամ ըստ Մեդվեդեւի՝ լարումը։ Եթե Թուրքիայից ու Ադրբեջանից, այդ դեպքում ո՞րն է ռուս խաղաղապահների գործառույթը, եթե ոչ այդ սպառնալիքների չեզոքացումը։ Թե՞ նրանց գործառույթն այն է, որ վախեցնեն հայկական կողմին՝ զերծ պահելով կարգավիճակի ճանաչման քայլերից։