Պայթյուն և փլուզում՝ Հրազդան քաղաքի շենքերից մեկում․ այդ պահին տանտերերը ննջարանում են եղել

136

Կոտայքի մարզում, այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 205 շենքի 1-ին հարկում գտնվող բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել խոհանոցում տեղադրված գազի վառարանից, որի արդյունքում խոհանոցի միջնապատերը փլուզվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով՝ բնակարանում ապրում են ամուսիններ, և նրանք ննջասենյակում են եղել, երբ տեղի է ունեցել դեպքը։ Փաստի առթիվ Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։