Մտավորականությունը ռազմավարական էլիտա է եթե….

529

Քաղաքական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը անդրադարձել է այս օրերի համար կարևորագույն քաղաքագիտական խնդրին, –

20-րդ դարի 50-ականներից, երբ մեկնարկեց  «սառը պատերազմը» քաղաքագետներն  և սոցիոլոգներն  դիտարկելով մտավորականություն – իշխանություն, իշխանություն – մշակույթ փոխհարաբերությունները գլոբալ աշխարհի զարգացման համընդհանուր սկզբունքների հաստատաման հիմքի վրա` ձևավորեցին  «ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱ»   գիտաճյուղը: Վերջինիս համաձայն, մտավորականության գործունեության փորձաքարը կառավարման որոշակի սկզբունքների կերտման վրա հիմնված նրա բարոյական կերպարն է: Ավելին՝ իշխանական հարաբերություններում տեղ գրավելու նրա ցանկությունը, գերիշխման նկատմամբ ունեցած պահանջմունքի հիմնավորումը  հիմնված  պետք է լինի պետության, հասարակության և քաղաքացիների միջև քաղաքակիրթ երկխոսություն վարելու ընդունակության վրա: Փաստորեն, մտավորականությունը` որպես հատուկ սոցիալական խումբ, կուտակում է  որոշակի գիտելիք (նաև՝ տեղեկատվություն) և, ելնելով իր մասնագիտական կարգավիճակից, օգտագործում է այն շրջակա աշխարհի գնահատման և կառավարման համար: Այս մոտեցումը բարձրացրեց  մտավորականության պատասխանատվության մակարդակը մարդկության կայուն զարգացման գործընթացում: Իսկ գերմանացի  Կարլ Մանհեյմը  բանաձևեց  «21-րդ դար հասած մարդկությունը կարող է ազատվել իր խոցերից և դուրս գալ զարգացման նոր հարթություն, եթե յուրաքանչյուր հասարակության մեջ մտավորականությունը փորձի քաղաքական էլիտային  կրթել՝ կառավարման ժողովրդավարական սկզբունքների համաձայն »:   

Այս նկատառումներով էլ «ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ»  շրջանակներում առանձնացվեց մտավորականության երկու գործառույթ` գաղափարական ու փորձագիտական և, ըստ այդմ էլ, իշխանական հարաբերություններում ներգրավված մտավորականների երկու տիպ` գաղափարախոսներ և փորձագետներ: Նման մոտեցմամբ մտավորականության որպիսությունը մեկնաբանվեց երկու տարբեր չափանիշներով` օգտավետությամբ և բարոյականությամբ: Այդ երկխոսությունն ունի աշխարհապահպան բնույթ, և, որպես այդպիսին, համակարգում է յուրաքանչյուր փոփոխության արժեքաբանությունը: Իսկ գործող կարգի փոփոխությունը ենթադրում է մտավորականության նոր որակ, այսինքն, գաղափարախոս – փորձագետ փոխհարաբերությունների այնպիսի մակար-դակ, որը հնարավորություն է տալիս զուգամիտել հանրության տարբեր շերտերի ռազմավարական շահերը՝ հանուն ռազմավարական անվտանգ ապագայի: Այդ համատեքստում կարևորվեց մտավորականությունը որպես ռազմավարական էլիտա, որը  հանդես է գալիս որպես ժողովրդավարական կառավարման հետևյալ սկզբունքների կերտող:

1. Գործունակության սկզբունք: Մտավորականությունը պատրաստ է երկխոսություն վարել՝ քաղաքական գործընթացը գիտավերլուծական պարադիգմայի օգնությամբ կառավարելու նպատակով: Անգործունյա, անվճռական, պարտվողական հոգեբանություն ունեցող, միայն իշխանության ձգտող մտավորականը չի կարող ռազմավարական մտածողություն ունենալ և ռազմավարական էլիտա  համարվել:

2. Շրջահայացության սկզբունք: Քաղաքական գործունակության սթափ, սառը և ճշգրիտ հաշվարկն օգնում է մտավորականին իշխանություն իրականացնելիս կիրառել իր Ոսկե կանոնը` մշակել և իրականացնել  հանրության ռազմավարական շահը:

3. Հանդուրժողականության սկզբունք: Համբերությամբ, բարյացակամությամբ, մեծահոգությամբ օժտված մտավորականը հնարավորություն է ստանում քաղաքական առումով տարբերակել երկու կարևորագույն սկզբունք` նախ լուսաբանել քաղաքական խաղերի  ռազմավարության  բազմազանությունը, ապա պարզել, թե որ քաղաքականությունն է ուղիղ ճանապարհ է ոչ միայն դեպի իշխանություն, այլև դեպի անվտանգ, բարեկեցիկ և կայուն ժողովրդավարական ապագա խոստանում:

4. «Ինքնա» գործունեության  սկզբունք: Ինքնարարում, ինքնակառավարում, ինքնակազմակերպվածություն, ինքնապաշտպանվածություն, ինքնավերլուծություն, ինքնակրթություն, ինքնաֆինանսավորում: «Ինքնա»  սկզբունքի համակարգը բացահայտում է իշխանության հանդեպ առկա երկու վերաբերմունք` աշխատանքի մասնագիտական բաժանման վրա հիմնված պրոֆեսիոնալ կառավարում իրականացնող ռազմավարական էլիտայի առկայություն, խմբային միասնության վրա հիմնված համագործակցություն:

5. Ներքին ազատության սկզբունք: Մտավորականի  և պետական իշխանության փոխհարաբերությունները գտնվում են քաղաքացիների ամենօրյա ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտ է ունենալ սեփական հավատք, կամք, աշխարհընկալման և աշխարհաճանաչողության համակարգ: Միայն այսպես մտավորականը հնարավորություն կունենա ազատություն ապահովել իրեն իշխանության բերած զանգվածների հարկադրանքից՝ հանդես գալով որպես ռազմավարական էլիտա: Ներքին ազատությամբ օժտված էլիտան, համակեցության կանոններ (modus vivendi) հաստատելով պետական կառավարման համակարգում, և՛ իրեն, և՛ իր շրջապատը զերծ է պահում ավելորդ հեղափոխականացվածությունից, քանի որ կյանքը և քաղաքականությունը, որպես կանոն, տարբեր օրենքներ ու արժեքներ են դավանում: Քաղաքակրթության փորձը վկայում է, որ շահի մարմնավորում քաղաքականությունը ստորոգելի է կյանքին, իսկ կյանքը Սիրո, Գեղեցկության, Հավատի և Հույսի մարմնավորում է:

Կառավարումն արվեստ է, և որպես արվեստ այն առաջին հերթին ենթադրում է զանգվածների, լիդերների, էլիտաների և՛ լեգալ, և՛ լեգիտիմ փոխհարաբերություններ: Միայն այդ դեպքում կարելի է ասել, որ ժողովուրդն ապրում է, և ոչ թե գոյատևում, իսկ իշխանավորը կառավարում է,  ոչ թե` բռնանալով՝կամայական որոշում ընդունում: Նմանօրինակ վերաբերմունք կա «իշխանության տեսության», «էլիտայի տեսության»   գրեթե բոլոր դպրոցներում, համաձայն որի, կառավարողը հատուկ սոցիալական խավ է` քաղաքական և մտավոր անհրաժեշտ գիտելիքներով: Համաձայն այդ դպրոցների` ցանկացած կառավարիչ մտավորական է, և պարտավոր է ունենալ ռազմավարական մտածողություն:

1980-ական թվականներից սկսած ամերիկյան քաղաքագիտական միտքը էլիտայի կողմից տարբեր սոցիալական խմբերի նպատակային կառավարում և տեղաշարժ իրականացնելու համար, կարևորելով կրթվածության մակարդակը, նախապատվությունը տվեց ինքնավար կարգավիճակում գտնվող այն դերակատարին, որոնք ապագաբանական (ֆուտուրոլոգիա) առումով կկարողանա գլոբալ, գլոկալ և ռեգիոնալ հարթություններում կայուն զարգացման ռազմավարություն մշակել:

Ժամանակին ռուս մտածող Ն.Ա.Բերդյաևը գրել է, որ եթե բյուրոկրատիան մարմնավորում է ազգի իշխանությունը, ապա մտավորականությունը նրա Ոգին է: Ելակետ ընդունելով Բերդյաևի կարծիքն «ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ» ներկայացուցիչ Պ. Սորոկինը հիմնավորեց թեզ, որ իշխանության մեջ ինտեգրված   մտավորականությունը որոշակի իմաստով դադարում է լինել ազգի Ոգին, եթե օգտագործում է  իշխանությունն իր օգտավետության համար: Որպես  առավել ինքնուրույն, հասարակայնորեն դինամիկ, կայուն արժեքային համակարգով սոցիալական խումբ մտավորականությունն, ի տարբերություն բյուրոկրատիայի,  իր  գործունեությամբ արևմտյան ժողովրդավարության երկրներում կարևորվեց իբրև «ռազմավարական  էլիտա»: Այս նկատառումներից ելնելով` նրան տրված է սոցիալ-տնտեսական ապահովվածություն և անկախ գործունեության հնարավորություն: Ուշագրավ է, որ ԱՄՆ-ում մտավորականությունն ընկալվում է որպես ապագաբանության համար մշակութակերտ, պետականակերտ, ազգակերտ  հիմնական քաղաքական ուժ: Դրա վառ վկայությունը ռազմավարական վերլուծողների, կանխատեսողների ներգրավումն է մեծ քաղաքականություն: ԱՄՆ-ի համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի մոտ 60% մտավոր էլիտան ընդգրկված է այս գործընթացում, նրանց մշակած ցանկացած  «քիչ հավանական տեսությունները» գտնվում են քաղաքական, տնտեսական, ռազմական է;լիտայի ուշադրության կենտրոնում:

Մտավորականությունը, ներկայացնելով ազգի Ոգին, միաժամանակ իր մեջ կրում է նաև ազգի իշխանությունը, որովհետև հենց ազգի մտավորականությունն է կրթում և դաստիարակում ազգի իշխանությունը, ասել է թե` էլիտային: Ասվածից կարելի է կատարել հետևյալ եզրահանգումը. էլիտան և մտավորականությունը ամբողջական միասնություն են և, գործառնելով որպես հասարակական տարբեր ենթահամակարգեր, փոխադարձ հարստացնում են միմյանց, ինչով էլ ծառայում են ոչ միայն հասարակության առաջադիմությանը, այլև պետական կառավարման ժողովրդավարացմանը:

Հանրագումարենք. 21-րդ դարում ՀԱՅ մտավորականությունը որպես կառավարման ժողովրդավարական սկզբունքների կերտող պետք է գրի իր Սուրբ գիրքը: Այսօր խիստ կարևորվում է մտավորականության ռազմավարական մտածողությունը պատասխանատվությունը հասարակության բնականոն զարգացման, պետության ներկայի և ապագայի համար: Մտավորականը, որպես կառավարման ժողովրդավարական սկզբունքների կերտող ու կրող, կոչված է նպաստել և՛ պետական կառավարման ժողովրդավարացմանը, և՛ սոցիալական երկխոսությանը, և՛ սերունդների համերաշխությանը և՛ ազգային  ինքնության բնականոն արդիականացմանը: