Իմ սյունն ընկավ Շուշիում, բայց երդումս էՙ դեռ կհառնի սյունը հաղթանակի

148

Երեկվաՙ 2021 թվականի հունվար 28-ին, Հայոց բանակի տոնական օրը, Եռաբլուրում ես զգացի այս ձմեռվա առաջին ցուրտը. Որդեկորույս, որբ եւ այրի մեր ժողովուրդն արդեն անձայն է լալիս, իսկ Հայոց պետությանն ու Բանակին ամենաթանկ ընծան զոհաբերած հայ ծնողը գրկել էր դեռեւս հողե շիրիմները մեր լույս տղաների, խունկ էր ծխում, ծաղիկ խոնարհում, մրմնջում կարոտի բառեր… ո՛չ շեփոր, ո՛չ թմբուկ, ո՛չ խրոխտ խոսքեր, տոնի հիշողությունը փոշիացրած իշխանությունից, ժողովրդի ընտրյա՜լ պատգամավորներից եւ ոչ մեկին չտեսա զոհերի հարազատների կողքին, նրանց գգված, շիրիմներին խոնարհված: Դժվար է երեւի տոնական օրվա բաժակաճառի փոխարեն, ֆեյսբուքյան վիրտուալ տարածքում հերոսանալու փոխարեն կանգնել զոհվածների ընտանիքների կողքին, նրանց ունկնդիր լինել, նրանցից սովորել սիրել երկիրն ու հայրենիքն այնպես, ինչպես նրանց որդիներն են սիրել… Ոչ մի թղթի կտոր չգտա շիրիմների մոտ, իսկ ինձ թվում էր, թե պարտված պետության իշխանության համար, կամՙ ավելի ճիշտՙ առանձին անհատների համար դժվար պիտի լիներ սգակիրների կողքին կանգնելը, նրանց աչքերին նայելը, իսկ ամիսների հետ կուտակվող բարոյական մեծ տառապանքը, մեծ բեռը կստիպեր անքուն գիշերներին նամակ գրելՙ անուն առ անուն հասցեագրելով այն տղաներին, որոնց շարունակական արիության, մահն արհամարհելու կարողության, հայրենիքի սիրո հաստատուն գերակայությանն ի գին իրենց շնորհ էր արվել… ապրել: Նվազագույն բանըՙ երախտագիտության մի նամակ չի գրվել, փորձ չի արվել սփոփանքի խոսք գրել սովորական պայմաններում այդքան անձնվեր, այդքան խոնարհ, անմահությունը ապրելուց գերադասող հերոսներին դաստիարակած նրանց ծնողներին:

Կառավարությունը, պետությունը չի ապրում այն վիշտը, որ զոհվածների ծնողներն են ապրում, կառավարությունը, պետությունը հերոսանալու, անմահանալու ճակատամարտը տանուլ է տվել, եւ հիմա մի հասարակ գրագիր էլ չկա, որ գթասրտության, սիրո նամակներ գրի հայոց սուրբ հողը պաշտպանած, այդ հողը ամուր գրկած առաքինության զինվորներին: Այն զինվորներին, որ հաղթել են իրենց ապրած կյանքով, այն զինվորներին, որ հայոց բանակ են կերտել, որի անունը միշտ փորձել են պահել անպարտելի, այն զինվորներին, որ անհաշտ են եղել նահանջի ու պարտության հետ, այն զինվորներին, որոնց համար պետությունն արժեք է, նրա բանակն ու զինվորը ամենամեծ սրբությունն են:

Եռաբլուր բարձրանալն ինձ համար դժվար էր երեկ: Ողնաշարս մրսում էր: Եսՙ պարտված պետության քաղաքացիս, զարմիկիսՙ նոյեմբերի 7-ին Շուշիի համար կյանքը նվիրաբերած Գեւորգ Արշակյանի շիրիմին խոնարհված, պարտքս դեռ չեմ մարել: Երեկ նրա անվամբ ԵՊՀ-ի գրադարանի ընթերցասրահներից մեկը հավերժացավ, իսկ հուշատախտակը քողազերծեց շուշեցի դպրոցական Արսենը: Խորհրդանշական այդ վայրկյանին իմ երազը մեկն էրՙ Շուշիում, Գեւորգի անմահացած վայրում մի սյուն տնկելՙ հաղթանակի: