Անվտանգության եւ արագ զարգացման տեսանկյունից պետք է հետեւենք Իսրայելի Պետության օրինակին. Արտակ Զաքարյան

96

Ազգային ժողովը լսումներ է հրավիրել «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով. առնվազն զավեշտալի է, որ քաղաքական դեբիլիզմով, դիվանագիտական տգիտությամբ եւ կառավարչական դիլետանտիզմով փայլող իշխանակույտը՝ պետականությունը քանդելուց ու անվտանգության բոլոր գոտիները թշնամուն հանձնելուց հետո, հիշել է անվտանգության մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Լսում ես ամբիոնից հնչող մելամաղձոտ ու դատարկ ելույթներն, ու մեկ անգամ եւս համոզվում, որ սրանց ամեն ինչը ձեւականություն է եւ թոզփչոցի:

Պետության անվտանգությունը նախ եւ առաջ քաղաքական մտքի արգասիք է, որն այսօր իսպառ բացակայում է: Բացակայում է, որովհետեւ այսօրվա “մայր մեղուն” քաղաքական պոպուլիզմն է:

Բազմիցս ասել եմ, եւս մեկ անգամ կրկնում եմ: Անվտանգության եւ արագ զարգացման տեսանկյունից պետք է հետեւենք Իսրայելի Պետության օրինակին: Միակ երկիրը, որի պարամետրերը գրեթե համահունչ են մեր Ազգի եւ պետության պարամետրերին: Դրա առաջին քայլը՝ երկրի խորհրդարանը եւ կառավարությունը դիլետանտներից ու նիկոլիզմից մաքրելն է:

Եթե ուզում ենք ունենալ անվտանգ եւ զարգացող պետություն, ապա յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով: Նայեք վարչապետին, պատգամավորների մեծամասնությանը, կառավարության տկարությանը եւ հետեւություններ արեք: Ու չմոռանաք, որ նրանց օրոք, ու նրանց պատճառով Արցախը հանձնվեց, Սյունիքի ճանապարհների մի շարք հատվածներ թուրքերն են վերահսկում, իսկ զոհերի, անհետ կորածների, գերիների ու վիրավորների մասին՝ պատերազմից երեք ամիս անց, պատկերացումներ անգամ չունեն:

Կրկնվող լոզունգներով, պոպուլիստական անմիտ ելույթներով, առանց հստակ պատկերացումների ու առաջարկների խորհրդարանական լսումները՝ այն առավելագույնն է, որ սպասելի էր սրանցից»: