Ռոմանոս Պետրոսյանի կինը, քենին, եղբոր կինն են դպրոցների տնօրեններ ընտրում․ Հայկ Փայտյան

360

2020թ. հունվարի 22-ին Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ  դպրոցում տեղի ունեցան գործադիր տնօրենի ընտրություններ: Թեկնածուները երկուսն էին՝ գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը և նույն քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցի ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը: Հանրակրթական դպրոցի տնօրենին ընտրում է կառավարման խորհուրդը, որը բաղկացած է 8 անդամից՝ 2-ը մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, 2-ը՝ ծնողական խորհրդի, ավագ դպրոցների պարագայում 3-ը՝ ԿԳՄՍ ներկայացուցիչներ և մեկը՝ մարզպետարանից: Հիմնական դպրոցների դեպքում մանկավարժական և ծնողական խորհուրդների ներկայացուցիչների թիվը նույնն է, սակայն ի տարբերություն ավագ դպրոցի մյուս 4-ից երեքը արդեն ներկայացնում են մարզպետարանը, իսկ մեկը՝ համայնքը: Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի ընտրությունների ժամանակ խորհուրդի ձայները բաշխվեցին հավասար՝ 4/4:

Այս դեպքում, ըստ գործող կարգի, վերջնական որոշումը կայացնում է նախարարը: Թեկնածուներից Քարմիլե Առաքելյանը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալն է, իսկ կառավարման խորհրդի այն 4 անդամը, ովքեր ներկայացնում են ԿԳՄՍ-ն ու մարզպետարանը, Ռոմանոսի ազգականներն են, մարզպետարանի  աշխատակիցները կամ էլ Պետրոսյանի ջանքերով տարբեր պետական հաստիքներում տեղավորված անձիք: Այլ խոսքով՝ այդ մարդիկ իրենց ընտրությունը կատարել են ելնելով ոչ թե դպրոցի զարգացման ծրագրից  կամ կատարված աշխատանքների գնահատականից, այլ պարզապես քաղաքական պատվեր են կատարել:

Սակայն սա դեռ ամենը չէ: Ռոմանոսի սույն ձեռագիրը երևացել է ոչ միայն այս, այլև մարզի մի շարք այլ, այդ թվում նաև նույն քաղաքի թիվ 2-րդ հիմնական դպրոցում, որի նախկին տնօրենը դատական հայց է ներկայացրել Ռոմանոսի դեմ: Ռոմանոս Պետրոսյանի մտերիմներն են Կոտայքի Բալահովիտ, Ակունք, Վերին Պտղնի համայնքերի, Հրազդան քաղաքի դպրոցների կառավարման խորհուրդներում: Զավեշտն այն է, որ միևնույն մարդիկ միաժամանակ ընդգրկված են մի քանի դպրոցների կառավարման խորհուրդներում: Այդ մարդկանցից մեկը օրինակ Ռոմանոսի կինն է՝ Արմինե Պետրոսյանը, ով ընդգրկված է Աբովյան քաղաքի թիվ 2, 7,  10 հիմնական և թիվ 4 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Լուրեր կան, որ այս տիկինը, տարբեր տեղերում բացահայտ հայտարարում է, որ թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի հարցը արդեն իրենք որոշել են և ինչքան ուզում են՝ թող բողոքեն, միևնույն է, բան չի փոխվելու: Հիշեցնենք, որ սույն դպրոցի մանկավարժներն, աշակերտներն ու ծնողները ընտրություններից հետո եկել էին ԿԳՄՍ շենքի դիմաց, պնդել, որ իրենք չեն ցանկանում աշխատել Ռոմանոսի դրածոյի հետ: 

Ռոմանոսի մյուս «վստահելին» դպրոցների կառավարման խորհուրդներում, մարզպետի պաշտոնում իր նախկին օգնական Անի Չիլինգարյանն է, ով ընդգրկած է Աբովյանի թիվ 1 ավագ և թիվ 7 հիմնական դպրոցների կառավարման խորհուրդներում: Հաջորդը այս ցուցակում Մայրանուշ Նավոյանն է, ով Ռոմանոսի եղբոր կինն է, նա էլ  ընդգրկված է Աբովյանի թիվ 1, թիվ 4 , թիվ 6 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Մյուսը Ռոմանոսի քենի Անի Հակոբյանը է, ով նույնպես ընդգրկված է Աբովյանի թիվ 1, 4 և 6 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Վերոնշյալ դպրոցների կառավարման խորհուրդների կազմում է նաև Մելինե Գասպարյանը, ով Կոտայքի մարզպետարանում է աշխատում եւ Ռոմանոսի կադրերից է:

Ռոմանոսը դպրոցների կառավարման խորհուրդները յուրայիններով է լցրել ոչ միայն Աբովյանում: Նույն պատկերն է Չարենցավան, Նոր Հաճն, Հրազդան քաղաքներում և այլ համայնքներում: Մինչդեռ մարզպետ նշանակվելիս Ռոմանոսը հայտարարում էր, որ մարզը դարձնելու է էտալոն, որ ինքը և իր քաղաքական թիմը նոր արժեհամակարգ և քաղաքական մշակույթ են բերում և անընդհատ պատեհ-անպատեհ առիթներով նախկին տնօրեններին, ինչպես նաև ուսուցիչներին մեղադրում էր են նախկին արժեհամակարգ կրելու մեջ: Դպրոցների կառավարման գործը յուրայիններին տա՞լն է նոր քաղաքական մշակույթը:

Պարզ է  մեկ բան, որ իշխանությունները ոչ միայն չեն հրաժարվել դպրոցները կուսակցականացնելու գործելաոճից, այլև այն ավելի են կատարելագործել ու առաջիկա հնարավոր արտահերթ ընտրություններում ձայներ ապահովելու համար ամեն բան անում են դպրոցները իրենց տոտալ վերահսկողության տակ գցելու համար:

Հայկ Փայտյան

Հ.Գ. Հրապարակում ենք մեր ձեռքն տակ եղած փաստաթղթերի կրկնօրինակները: Սրանք ասվածի ապացույցն են: