Դուք այլևս չե՛ք կարողանալու թաքնվել «հանրությանն անհայտ լինելու» քողի տակ. Ռուբեն Մելիքյան

309

Շարունակում եմ Հադրութեցի Վահան Բադասյանին խայտառակ հիմնավորմամբ կալանավորելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց անվանական «հանրային պարսավանքը»։

ԱԱԾ քննչական դեպարտամենտի՝ «հատկապես կարևոր գործերով» քննիչ Լևոն Թաթոյան։ Բադասյան Վահանի գործով «վարույթն իրականացնող մարմին»։

Ճիշտ է, քրեական գործով թե՛ մեղադրանքի և թե՛ խափանման միջոցների թիվ մեկ պատասխանատուն դատախազն է (որին երեկ անդրադարձել էի), սակայն կոնկրետ «սև գործ անողը» քննիչն է։ Ու հենց քննիչն է, որ դատարանին ուղղված միջնորդության մեջ գրել է հետևյալ սահմռկեցուցիչ տողերը. «Վահան Բադասյանը չունի մշտական բնակության վայր, որպիսի պայմաններում վարույթն իրականացնող մարմնի մոտ առկա են ու չեն կարող փարատվել ողջամիտ ենթադրություններն առ այն, որ ազատության մեջ մնալով՝ նա կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից»։

Պարոնայք «սպաներ», ի դեպ՝ թաքնվելու մասին։ Դուք այլևս չե՛ք կարողանալու թաքնվել «հանրությանն անհայտ լինելու» քողի տակ։ Դուք այլևս «կոստյում-փողկապով ինչ-որ մեկը» չեք լինելու, այլ ձեռք եք բերելու անուն, ազգանուն և դիմագծեր։ Որպեսզի ձեր արած-չարածի համար ձե՛ր իսկ անուն-ազգանունով ու լուսանկարով կանգնեք հանրության բարոյական դատաստանի առջև։

ՀԳ. Դատախազ Գևորգը, ճիշտ է, այդ խայտառակ տողերը իր ձեռքով չի գրել։ Բայց ուներ լիակատար իրավունք (1) հետ վերցնել կալանքի միջնորդությունը, բայց չի արել, (2) դատարանում գոնե առարկել այդ խայտառակագույն «հիմնավորման» դեմ, բայց չի արել։ Ուրեմն «ստորագրել է»։ Ավելին, դատարանում որոշ դրվագներով ակտիվորեն հիմնավորել է Բադասյանին կալանավորելու անհրաժեշտությունը։

ՀԳ-2. Թող որևէ մեկը «Վազգեն Սարգսյան 5» հասցեից այսուհետ չփորձի ինձ խրատներ կարդալ կամ հորդորներ ուղղել «պաշտոնեական բարձունքներից»։ Դրա բարոյական իրավունքը դուք չունեք՝ սա մեկ. «հորդորելու» համար անհրաժեշտ է հեղինակություն ունենալ։ Երկրորդն էլ, չունեք դրա իրավական լիազորությունը։

ՀԳ-3. Դատախազն իրավունք ունի ցանկացած պահի – ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ – ազատ արձակել նման խայտառակ հիմնավորմամբ կալանված Վահան Բադասյանին՝ անկախ դատարանի որոշումից։