Տիգրան Չոբանյանը չի կալանավորվի

126

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Հայ ազգային գվարդիայի նախագահ Տիգրան Չոբանյանի ձերբակալումը. ֆեյսբուքյան գրառմամբ  տեղեկացրել է նրա փաստաբան Միքայել Շխիմյանը:

«Քիչ առաջ Դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, բավարարեց իմ կողմից ներկայացված բողոքը և ոչ իրավաչափ ճանաչեց վստահորդիս, Հայ Ազգային Գվարդիանի նախագահ Տիգրան Չոբանյանի ձերբակալումը, միևնույն ժամանակ, նույն որոշմամբ մերժեց վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը(հիմնավոր կասկածի բացակայությամբ):

Տ. Չոբանյանը մեղադրվում էր ՀՀ կառավարության շենքը խմբի կազմում զավթելու փորձ կատարելու մեջ: Կեցցե ՀՀ Դատարանը, ի դեմս արդարամիտ Դատավոր Ա.Հովհաննիսյանի!!!»,– գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանի ձերբակալումը նույնպես ճանաչվել է ոչ իրավաչափ, իսկ կալանավորության միջնորդությունը մերժել է:

Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված 5 անձանց՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին հունվարի 29-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ։