Պարետ Մակարյան. «Հայ արմատներս իմ գրականության տարաշխարհիկ համն են»

134

Անգլիագիր գրող, երգահան, բեմադրիչ Պարետ Մակարյանը ծնվել է Լոնդոնում, այժմ ապրում է Ֆլորենցիայում: Կրթությունն ստացել է Դուրհամի եւ Լոնդոնի համալսարաններում: Աշխատել է որպես թարգմանիչ, երաժիշտ, հարցազրուցավար, լրագրող, դասախոս, գրքի ներկայացուցիչ եւ հանրային կապերի մասնագետ: Նրա գեղարվեստական գործերը, ակնարկները եւ հոդվածները լույս են տեսել բրիտանական բոլոր հիմնական պարբերականներում: Մակարյանն իր կարիերան սկսել էՙ գրելով Լոնդոնի «Թայմս», «Գարդիան», «Օբզերվըր», «Ինդիփենդընթ» եւ «Նյու սթեյթմընթ» պարբերաթերթերի համար, ապա հրատարակել է գեղարվեստական գործեր բրիտանական, իտալական եւ ավստրալական գրական մամուլում եւ ժողովածուներում: Պարետ Մակարյանը հրատարակել է չորս գիրքՙ «Հերյուրանքներ», «Խառնարան» (նաեւՙ իտալերեն թարգմանությամբ), «Հայելի եւ կիսադեմ» եւ «Շաղակրատելով իմ բոլոր սիրած գազանների հետ» (իտալերեն եւ անգլերեն): Ձայնագրել է ակուստիկ ռոք ալբոմ, հորինել եւ կատարել դաշնամուրային գործեր, Ֆլորենցիայում եւ Տուրինում բեմադրել է իր «Ցավի գոբելենը» մենապիեսը, որը մեծ հաջողություն է ունեցել…

Հարգելի՛ Պարետ, ես մեծ հաճույքով եմ հարցազրույց վարում բազմամշակույթ եւ բազմակողմանի գործունեությամբ զբաղվող անձանց հետ: Կարող եք հասկանալ ինձՙ ինքներդ հարցազրույց վարած լինելով այնպիսի հետաքրքրական մարդկանց հետ, ինչպիսիք են Փիթեր Ուսթինովը, Ջոն Քոլդերը եւ Սալման Ռուշդին: Ի՞նչն է ձեզ ավելի շատ դուր գալիս այդ գործընթացում:

– Դուր է գալիս հարցազրույցի ամբողջ գործընթացըՙ հետազոտումն ու նախապատրաստումը, բուն հարցազրույցը, հանդիսականների մասնակցությունը, եթե նրանք ներկա են: Կարծում եմ, որ անձի բացահայտման բանալին հարցազրույցի նկատմամբ բացարձակ հարգանք ցուցաբերելն է (հնչերանգով, մարմնի լեզվով) եւ թույլ տալը, որ զրուցակիցը բացարձակ ազատ խոսիՙ առանց սահմանափակումների, առանց զրուցավարի ագրեսիայի եւ առանց գաղտնի օրակարգի: Կարեւոր է նաեւ փորձել խուսափել հոգեբանական որեւէ կռահումներից ու եզրահանգումներից. սեփական պատկերացումները գրեթե միշտ սխալ են: Բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչները հակված են ենթադրել, թե իրենք գիտեն ճշմարտությունն անձի մասին, որ պարզել են իրական փաստերը: Սա սխալ է: Նրանք չեն եղել տվյալ անձի կյանքում, ուստիեւ երբեք չեն կարող իմանալ տվյալ անձի ու նրա կյանքի իրադարձությունների բնույթը: Իհարկե, շնորհալի զրուցավարը կարող է իսկապես որոշակի հասկացողություն ունենալ, նույնիսկ փայլուն, բայց միշտ պետք է զգույշ լինելՙ չթվալու համար չափազանց խելացի, հանդուգն կամ մեծամիտ:

Հիմնականում համաձայն եմ մարդկանց հետ հարցազրույցի վերաբերյալ ձեր վերաբերմունքինՖլորենցիան միշտ գրավել է բրիտանացի եւ ողջ աշխարհի գրողներին: Ինչպե՞ս են ֆլորենտական ոգեշնչումներն արտացոլվում ձեր գրականության մեջ:

– Ճիշտն ասած, Ֆլորենցիան հազիվ թե որեւէ դեր ունի իմ գրականության մեջ: Քաղաքը հետաքրքրաշարժ է եւ շլացնող, խելագար եւ խորհրդավոր, նրբագեղ եւ անսպառ: Բայց ես երբեք այդ մասին ուղղակիորեն չեմ գրում:

Եվ անցյալ տարվանից այդ գեղատեսիլ քաղաքը ողջ մարդկության հետ միասին կրեց նույն դժվարությունները: Ձեր «Իտալական կարանտին» գրվածքում ինձ դուր եկավ այս մեջբերումը. «Ֆլորենցիան կարծես լինի մի լքված հսկայական կինոնկարահանման վայր, որի արտադրության գումարը չեն տրամադրել, մի բացօթյա թատրոնՙ ոչ մեկի համար»: Իսկ հիմա՞

– Հիմա Ֆլորենցիան կիսով չափ է մեկուսացված, նման է ծեր, անօգնական կնոջ, որը դողացող ձեռքերով մոտենում է սեղանինՙ վերցնելու մի խնձոր, որն անկարող է կեղեւել: Հիմա Ֆլորենցիան մուտք է գործել մի թույլ մթնշաղի մեջ, իր զգացմունքների երկարաձգված մարումի մեջՙ հրաժեշտ տալով պատմության եւ կյանքի այն էջերին, որոնք ինչ-որ ժամանակ ինքը լցրել ու ստեղծել էր:

Իմ մի գրող ընկեր մի անգամ ասաց, թե առանձնությունը գրողի լավագույն ընկերն է: Համաձա՞յն եք:

– Կարծում եմ, որ մենությունը անհրաժեշտ է գրելու համար, բայց չափազանց մեծ չափաբաժնով առանձնությունն աղտոտում ու վնասում է, ինչպես առատ արեւի լույսը կամ մեծ քանակությամբ բիսկվիտ տորթը:

Դուք հանդես եք գալիս նաեւ որպես թատրոնի բեմադրիչ եւ դերասան: Հետաքրքրական կլինի իմանալՙ ի՛նչ նախագծերի եք մասնակցել:

– Համալսարանում բեմադրել եմ իմ երեք ժամ տեւող «Ջոզեֆին» ներկայացումը, որը հիանալի փորձառություն էր: Բեմադրություններ եմ կատարել նաեւ Լոնդոնի մի կաբարեում, Փոքր Վենետիկի մեծ պանդոկ-թատրոնումՙ Կուրտ Վեյլի, Ջոնի Մերսերի եւ այլոց երգերով: Բեմադրել եմ նաեւ Մոլիերի «Միզանտրոպը» Լոնդոնի Միջին տաճարի այգիներում: Ֆլորենցիայում եւ Տուրինում բեմադրել եմ իտալա-ամերիկացի հիանալի դերասան Ռոբերտո Ձիբետիին իմ «Ցավի գոբելենը» մենաներկայացման մեջ, որը նա ֆրանսերեն ներկայացրել է Ֆրանսիայի Փոռնիկ քաղաքում: Նույն գործը բեմադրվել է նաեւ Իսլանդիայում, իսկ Փալ Փալսոնը կատարել է այն անգլերեն: Որպես դերասան, ես հիմնականում փոքր դերեր եմ խաղացել տեսահոլովակներում եւ կինոնկարներում, առավել հետաքրքրական էր 2015-ին ստեղծված Ալեսիո դելլա Վալեի «Մաքս Ֆորտունա» ֆիլմը: Դա հիանալի փորձ էր, բայց մի քիչ վախեցնող, քանի որ ես ստիպված էի մարմնավորել մեխանիկի, որի դերը հիմնականում տեղի էր ունենում մեքենայի տակ: Ես անընդհատ անհանգստանում էի, որ մեքենան կընկնի վրաս:

Ձեր կենսագրության մեջ գրված է, որ դուք, ի միջի այլոց, աշխատել եք նաեւ որպես մերկ մոդել: Իսկ ինչպիսի՞ն է ա՛յդ փորձառությունը:

– Իմ կարծիքովՙ դա չափազանց հետաքրքրաշարժ էր: Ինձ համար դա նման էր ինչ-որ հալյուցինոգեն թմրանյութեր օգտագործելու: Ես գիտեի, որ բաժանվել եմ երկու մասի. մի կեսս պոդիումի վրա էրՙ որպես մոդել, իսկ մյուս կեսս կարողանում էր ինքս ինձ դիտել պոդիումի վրա (քանի որ փորձառությունս շատ ինտենսիվ եւ անիրական էր): Գործն ավելի բարդացնելու համար ես կարողացա նաեւ «զետեղել» ինձ նկարող նկարիչների տեսանկյունում: Այդպիսով, այդ բոլորն արտառոց էր ու կախարդական, ասես մարմնից դուրս կատարվող անդրիմացական փորձառություն, ինչպես մեկ այլ հայելու մեջ արտացոլվող հայելի: Ես շատ ուրախ եմ, որ դա արեցի, բայց հիմա չէի ցանկանա անելՙ փորս չափազանց մեծ է…

– «Ռեւյու 31»-ը մի անգամ ձեր մասին գրել է. «Մակարյանի իրական բանաստեղծական ձայնը հարուցում է մի արտասովոր կախվածություն, այն արտաբերվում է անամոթալի տարաշխարհիկ առոգանությամբ»: Այդ «տարաշխարհիկությունը» կարելի՞ է վերագրել ձեր ծագմանը:

– Այո՛, ես համոզված եմ, որ այդպես է: Իմ հայկական արմատները հանգեցնում են իմ գրածի տարաշխարհիկ համին եւ զգայական հարստության խիտ զգացողությանը:

Ես լսել եմ դաշնամուրի եւ կիթառի համար գրված ձեր որոշ ստեղծագործություններ: Որոշ քննադատներ նշել են, թե ձեր երաժշտությունը բխում է հայ երաժշտական տոնայնությունից: Այդպե՞ս է:

– Դե, ես երբեւէ պաշտոնապես երաժշտություն չեմ ուսանել եւ իրականում որպես դաշնակահար ինքնուս եմ, բայց սիրում եմ Խաչատրյանի, Գուրջիեւի եւ Տիգրան Համասյանի որոշ գործեր: Ինձ չափազանց դուր են գալիս դրանց հարուստ, վառ տոնայնությունները, եւ կարծում եմ, որ դրանք ներթափանցել են իմ դաշնամուրային գործերի մեջ: Ես բնազդաբար զգում եմ, որ իմ օգտագործած որոշ հնչերանգներ բնույթով շատ մոտ են այն հարուստ սենտիմենտալիզմին եւ կարոտախտին, որոնք ես զգում եմ իմ նշած հայերի երաժշտության մեջ:

Ընդհանրապես, գաղափար ունե՞ք ձեր նախնիների մասին եւ թե որտեղից էին նրանք ծագումով:

– Մորս հայրըՙ Հովհանեսը, քահանա էր Նիկոսիայում: Նրա ընտանիքը Ցեղասպանությունից հետո հաստատվել էր Սիրիայում, բայց հետագայում, 1939-ին Սիրիայում թուրքական նվաճման սպառնալիքը (որը խրախուսում էին բրիտանացիները) նրան ստիպեց տեղափոխվել Կիպրոս: Այստեղ նա օգնում էր հայ կարիքավորներին եւ աղքատներին, այդ գործում նրան մեծապես օժանդակում էր կինըՙ Օվսաննան: Հայրս ծնվել է Նիկոսիայում, նրա ծնողներն անյտեղ էին հաստատվել Ցեղասպանությունից հետո: Ծնողներս հանդիպել են այնտեղ եւ որոշել են արտագաղթել Անգլիա 1960 թվականին: Ես ծնվել եմ այնտեղՙ ութ տարի անց: Ցավոք, շատ ավելին չգիտեմ մեր ընտանիքի պատմությունից: Գուցե մի օր ավելի ուշադիր ուսումնասիրեմ մեր պատմությունը: Մանկության տարիներին ես միշտ զգում էի, որ ընտանիքի պատմության հարցերում ամեն ինչ պարուրված է խորհրդավորությամբ ու անհայտով: Պատճառն այն էր, որ, ենթադրում եմ, իրադարձությունները դեռեւս շատ մոտ էին Հայոց ցեղասպանության ողբերգությանը եւ սարսափին: Երանի ավելի շատ ժամանակ անցկացնեի տատիկիս եւ պապիկիս հետ: Երբեք չեմ հանդիպել իմ մայրիկի մորը, ինչը շատ տխուր է:

Իտալիան միշտ ունեցել է ոչ մեծ, բայց նշանակալի հայկական ներկայություն: Ես ճանաչում եմ Ֆլորենցիայում բնակվող երեք հայ արվեստագետների: Ձեր ճանապարհները երբեւէ խաչվե՞լ են հայերի հետ Իտալիայում եւ առհասարակ:

– Ցավոք, Ֆլորենցիայում ես այլեւս ոչ մի հայի չեմ հանդիպել, չնայած վերջերս մի քանի հայերի հանդիպեցի, երբ պատարագի գնացի Ֆլորենցիայի Սան Մինյատոյի եկեղեցում (այս սուրբն էլ, իհարկե, հայ էր): Իրականում կցանկանայի ավելի շատ ժամանակ անցկացնել հայերի հետ: Վերջերս Պիետրասանտայում ծանոթացա մի հայ քանդակագործի հետ: Այսպիսով, ամեն ինչ առջեւում է…

Եվ որպես գրող ու որպես հայՙ ի՞նչ կասեք մեր ժողովրդին բաժին ընկած վերջին փորձության մասին

– Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին պատերազմը ողբերգական եւ սարսափելի հիշեցում էր այն մասին, որ թուրքական շովինիզմի ուժերը երկար ժամանակ անգործ չեն մնում: Չնայած հայ զինվորների հերոսական ու անհավատալի ջանքերին եւ նրանց արտասովոր ուժին ու խիզախությանը, Ադրբեջանը, որպես Թուրքիայի մանկլավիկ, պատերազմում կարողացավ առավելության հասնելՙ իր տրամադրության տակ ունեցած շատ ավելի մեծ ռազմական միջոցների եւ Թուրքիայի աջակցության շնորհիվ: Դարձյալ մենք տեսանք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կանգ չեն առնելուՙ փորձելով սարսափեցնել, ոչնչացնել եւ արմատախիլ անել խաղաղ ժողովրդին: Նրանք խոշտանգել, խեղել, գլխատել եւ սպանել են Արցախի հայերին: Նրանք եղծել են հին հոգեւոր մշակույթը, որը գտնվում է ճիշտ հակառակ կողմում իրենց մշակութային ժառանգության, որը բնութագրվում է որպես վայրագության երկարատեւ փուլերով: Թուրքիան պետք է անհապաղ դուրս մղվի ՆԱՏՕ-ից, քանի որ ցույց տվեց, որ բոլորովին անկարող է հետեւել քաղաքակիրթ հասարակության կանոններին: Կրկին զավթել են հայերի հողերը, կազմակերպված ձեւով կոտորել եւ նրանց հոգիները խեղել ճնշող թշնամական ուժերի կողմից: Ամբողջ աշխարհում հայերը բարձրաձայնում էին իրենց այս պատերազմի մասին, բայց նրանց ձայնն անտեսվում էր Միացյալ Թագավորության, Ամերիկայի, եվրոպական տերությունների եւ քաղաքական գործիչների կողմից, որոնք չափազանց կեղծավոր էին, չափազանց թույլ ու չափազանց երեսպաշտՙ միջամտելու եւ դադարեցնելու համար անօրինական եւ չար պատերազմը, որը կոչված էր ուռճացնելու Էրդողանի խելագարված էգոն եւ սատարելու թուրքական նոր կայսրության թունավոր ազգայնականությանը, կայսրություն, որը նա հույս ունի ստեղծել: Հայաստանը երբեք չի մոռանա այս վայրագությունն ու հարձակումն իր ժողովրդի, նրա մշակույթի եւ նրա ինքնության վրա: Եվ թուրքական շովինիզմը չի վերանա: Եվրոպան պիտի աչալուրջ լինի…