«Հայրենիք». Վարդան Պետրոսյանի նոր բանաստեղծությունը

134

Հայրենիք

Հաճախ են խոհերս քո շուրջը դառնում.

-Արդյոք ո՞վ ես դու:

Արքա՞ն ես այն Մեծ, որի զինվորին

խոնարհվում էին օտար գահերի թագեր ոսկեհուռ,

թե՞ թուլակամն այն,

որ գաղտագողի

չքնաղ Անին էր վաճառքի հանում:

Գուցե ծերունի՞ն այն մեծաքանքար,

Որ իր հանճարեղ պատմամատյանում

փառաբանում էր գործդ մեծության,

սակայն և ողբում անկումը ոգուդ

ու մթագնումը

երբեմնի խորունկ քո իմաստնության:

Պատանի՞ն ես այն,

որ քո շեներին ծանրորեն իջած

խավարն իր ոգու լույսով էր պատռում,

սայթաքող քայլիդ ճանապարհ հարթում,

թե՞ այն մյուսը,

որ օտարին քո տան դուռն էր մատնում,

խիստ տկարացած հույսերդ վատնում …

Որպեսզի ինքը դառնա իշխանիկ,

մանկամարդ, չքնաղ քո աղջիկներին

ընծայում կրքին ասպատակների:

Ճգնավո՞րն ես այն,

որ, իր ինքնությունն անգամ ուրացած,

«ի խորոց սրտի» աղոթք էր հղում

առ ամենատես Բարձրյալը՝ Աստված՝

միջնորդ դառնալով մեղսավոր հոգուդ

և երկնայինի ժեռ կամքի միջև,

որ խոտոր ճամփից քո հոգին փրկի,

բացի քո առջև դռները երկնի,

մտքիդ վերքերը ամոքի փոքր-ինչ …

Թե՞ վեղարակիր արծաթասերն ես՝

Գետադարձ կոչվող այն քստմնելին,

որ շուկա հանած ամենից թանկը՝

անցյալ ու գալիք բոլոր դարերի

նվիրականը՝ մեր սուրբ հայրենին,

զոհաբերում էր իր մամոնային …

Ո՞վ ես վերջապես:-

Սալմաստեցի՞ն ես այն մեծահանճար,

որ մտքի լույսով

ուղենշում էր վերելքիդ ճամփան:

Չբեկվող կամքով այն ագուլեցի՞ն,

Որ, քո ճորտացած հոգու ընդերքից

պեղելով կայծեր վրեժի՛, ցասմա՛ն,

ձեռնոց էր նետում

արյանդ ծովում արբած սուլթանին

և ետ պտտում անիվն ընթացքիդ,

թե՞ խաժամուժն այն,

որ մեծ ձնհալքի հեղեղի նման

եկավ հյուսիսից,

եկավ քեզ իբրև ընկեր, կարեկից,

սակայն ավերեց, քանդեց ամեն բան:

Նրանց մեջ էին զավակները քո

անառակացած,

օտարին՝ ընկեր,

ցավերիդ, սակայն, անհաղորդ դարձացած …

Անվերջ գիշեր է թվում քո ճամփան՝

լույսի ընդմիջվող կայարաններով,

ուր կանգ էր առնում մարմինդ լլկված,

և բռնաբարված, խաբված քո հոգին,

ուր քեզ էր դառնում հավատդ կրկին՝

անհավատությունն իր մեջ պարուրած:

Դու դերվիշի պես մի թափառական

ճամփա ես ընկնում առավոտ ծեգին,

սակայն իմ հարցին չունես պատասխան,

քանզի ինքդ էլ չգիտես արդեն՝

ով ես, ինչու ես ճանապարհ ընկել …

Թե ինչու ես դու հենց այնտե՛ղ ծնկել,

ինչու է այնտե՛ղ կամքդ քեզ լքել,

երբ կարող էիր շահել և՛ մարտը,

և՛ պատերազմը քեզ պարտադրված,

բայց ելք ես գտել,

երբ գոցված էին դռները բոլոր,

երբ բոլորից ես եղել մոռացված:

Իմ ամենից մեծ առեղծվածն ես դու …

Այն նշաձողը, միա՛կ հայրենիք,

որին հասնում են, սակայն չեն հաղթում,

որին գուցե և մտքում դավում են,

բայց հոգու խորքում ընդմիշտ են պարտվում:

15-19. 01. 2021 թ.

Գառնի