Թուրքերի ավելի քան 80% -ի կարծիքով` տարվա իրադարձությունը Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելն է, 10%-ի համար` Ադրբեջանի հաղթանակը ԼՂ-ում

133

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելը 2020-ի ամենաուրախ իրադարձությունն է հարցման մասնակցած թուրքերի 82%-ի համար. գրում է Yeni Şafak թերթը: Միևնույն ժամանակ, թուրքերի 10%-ը տարվա ամենաուրախ իրադարձությունն է համարում 2020-ի վերջին Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի նկատմամբ:

2020-ի հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղյալ էր հայտարարել 1934 թ.-ի որոշումը Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու մասին: Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ հրամանագիր ստորագրելու մասին: Մուսուլմանական ծիսակարգերն այնտեղ անցկացվել են հուլիսի 24-ին:

Ըստ Optimar գործակալության հարցման՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Թուրքիայի ամենահայտնի քաղաքական գործիչն է: Էրդողանի օգտին է արտահայտվել հարցվածների 31,1% -ը: Երկրորդ տեղում՝ 8% -ով, բանտում գտնվող քրդական HDP առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշն է. հայտնում է Haberler-ը։

2021-ի հունվարին անցկացված` Optimar-ի հետազոտության արդյունքները հրապարակվել են Hurriyet թերթում: Հրապարակումը նշում է, որ նախորդ հարցման ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրել էր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որն այժմ 7,1% -ով չորրորդն է: Նրան նախորդում է «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Ակշեները, որին աջակցում է հարցվածների 7,4% -ը: