Այդ ովքե՞ր ու ինչպե՞ս են համարում, որ երբ Շուշիում լինի 96 տոկոս ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո. Փաշինյան

226

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան «լայվ»-ով պատասխանել է Եռաբլուրում լրագրողի կողմից իրեն ուղղված հարցին՝ Շուշին ադրբեջանակա՞ն քաղաք է:

«Լայվ»-ում Փաշինյանն ասել է.

«Վերջին շրջանի աղմկահարույց վերնագրերից մեկը այն մասին է, թե ես իբր հայտարարել եմ, որ Շուշին հայկական քաղաք չէ։

Նա նաև  մեջբերել է  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր  հայտարարությունը․ «Ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ ոչ միայն հիմա, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ Ադրբեջանից փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։

Փաշինյանը նշեց, որ ինքն այդ թեմային անդրադարձել է՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե ՌԴ նախագահը առաջարկել է շատ ավելի շահեկան պայմաններում կանգնեցնել պատերազմը՝ Շուշին մնալով հայկական վերահսկողության ներքո։

«Պատերազմի ընթացքում եղել է պատերազմը կանգնեցնելու տարբերակների մասին խոսակցություն, և ադրբեջանական կողմը պայման է առաջադրել Շուշի քաղաք ադրբեջանական փախստականների վերադարձի վերաբերյալ։ Ըստ էության, խոսքը վերաբերում էր 92 թվականի ժողովրդագրական ստատուս-քվոն վերականգնելու հնարավորության մասին։ Երբ մենք արդեն համաձայնել էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնենք, առաջ եկավ նոր պայման, որ Շուշի քաղաք պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները՝ 1992 թվականին գոյություն ունեցած ստատուս- քվոյի համաձայն:

Երբ վերոնշյալ փաստը պարզ դարձավ, ինձ շատերը հրապարակային մեղադրում էին, որ տարբերակ է եղել, որ Շուշին կարգավիճակով մնա հայկական, բայց ես այդ հնարավորությունը չեմ օգտագործել։

Ես արձագանքել եմ այդ իրողությանը, թե այդ ովքեր ու ինչպես են համարում, որ երբ Շուշիում լինի 96 տոկոս ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո, ինչպես պատգամավորն է ասում»,- ասաց Փաշինյանը:

Պատերազմը կանգնեցնելու պայմանը Շուշիի վերաբերյալ կոնտեքստում, ըստ վարչապետի, 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունենալն է։

«Խոսքը իր ընթացիկ կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության, այսինքն՝ մենք պատմական հարց չենք քննարկել։ Քննարկել ենք մի կոնկրետ իրավիճակ, երբ պատերազմը կանգնեցնելու պայման է առաջադրվել ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի՝ 1992 թվականին առկա ժողովրդագրական ստատուս-քվոյին համապատասխան։ Որևէ կերպ չէր կարելի համարել, որ 96 տոկոս ադրբեջանական բնակչություն կա Շուշիում՝ առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման, և մենք կարող ենք ասել, որ այն հայկական վերահսկողության ներքո է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը Շուշիի շուրջ ծագած իրավիճակը համարեց լրատվական մանիպուլյացիա: