«Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց» նախադասության առեղծվածը

319

ԵՊՀ Հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին պատերազմը և դրան հաջորդած ամիսները ստերի, միֆերի, անհիմն մեղադրանքների և վերագրումների շրջան են։ Ցավոք, անհատներիս հետ միասին շանտաժներից զերծ չմնաց նաև հայոց փառապանծ բանակը։

2020 թ. հոկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կատարեց հետևյալ գրառումը. «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց։ Առաջին»։ Այս խորհրդավոր հայտարարությանը հայկական մեդիան և «փորձագիտական կորպուսը» արձագանքեցին և մինչև վերջերս էլ անդրադառնում էին հեգնանքով՝ գրեթե ստախոսության մեջ մեղադրելով լուրի հեղինակներին։ Ասում են, թե Գյանջայի միջազգային օդանավակայանին ոչինչ էլ չի պատահել։ Հրապարակում են ինչ-որ լուսանկարներ, որոնց մեջ իբրև թե ավերված Գյանջայի օդանավակայանի փոխարեն պատկերված է Դոնեցկի հրթիռակոծված օդանավակայանը։ Հայկական բանակի նկատմամբ անվստահություն և կասկածանք սերմանող այդ դատողությունները, սակայն, սուտ են, եթե ոչ ավելին։ Հրթիռակոծությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին։

Արդեն հոկտեմբերի 4-ին տարբեր երկրների ԶԼՄ-ներ հաղորդել են, որ խոսքը ոչ թե Գյանջայի քաղաքացիական օդանավակայանի, այլ նրանից մոտ 50 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք ընկած Սաբիրքենդ գյուղի հարևանությամբ գտնվող Դալլյար ավիաբազայի, այսինքն՝ ռազմական օդանավակայանի մասին է։ Հարվածները հասցվել են Աղդամի շրջանի Գուզանլի գլուղի մոտակայքից՝ «Տոչկա-ՈՒ» մարտավարական հրթիռային համալիրով։ Ենթադրաբար Դալլյար ավիաբազայում էին գտնվում ՄԻԳ-25 և թուրքական F-16 կործանիչները։ Ռազմական օդանավակայանի ավերումը հայկական բանակի ամենից տպավորիչ ռազմական գործողություններից մեկն էր պատերազմի սկզբում՝ գոնե հոգեբանական առումով։

Ցավոք, այն չունեցավ «Առաջին» բառով ենթադրվող շարունակությունը։