Ո՞վ է նա, ի վերջո․ «Փաստ»

121

«1933 թ. մայիսի 1-ին Հիտլերը ավարտեց իր ճառը հետևյալ խոսքերով. «Տե՛ր, դու տեսնում ես՝ մենք փոխակերպվել ենք: Տե՛ր, գերմանացի ժողովուրդը կրկին ուժեղ է իր հավատքի, իր նպատակաուղղվածության, զոհաբերման՝ իր պատրաստակամության մեջ: Տե՛ր, մենք չենք հեռացել քեզանից: Ուրեմն, օրհնի՛ր մեր պայքարը ազատության, մեր ժողովրդի ու հայրենիքի համար»: 2018 թ.-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն ավարտում էր իր ելույթները հետևյալ խոսքերով. «Եվ ուրեմն, կեցցե Հայաստանը, կեցցե Արցախը, կեցցե Սփյուռքը, կեցցենք մենք ու մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում»: Ո՞վ է նա ու իրականում ի՞նչ Հայաստան էր ուզում կառուցել։ Նա աղքատ ընտանիքից էր, եկել էր քաղաք սովորելու և ապագա կերտելու համար։ Նա լրագրող էր, որը նաև իր առջև իշխանության հասնելու նպատակ ուներ։ Նա իրեն հռչակեց հեղափոխության առաջնորդ ու օտարամոլ և տարատեսակ դեստրուկտիվ ուժերի օգնությամբ զավթեց իշխանությունը «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» պարզագույն շանտաժի գործադրման շրջանակներում։

Նրան միշտ թվում է, թե ինքն ամենախելացին է, համարյա փիլիսոփա, սիրում է բանաստեղծություններ գրել։ Սիրում է զինվորական կամուֆլյաժ կրել, քանզի չի ծառայել, այդով իրեն ուժեղ է զգում։ Նա սիրում է օգտագործել էժանագին մտքեր, հումորներ, նույնիսկ հայհոյանքներ։ Նրա հաջողության բանալին դարձավ այն թեզը, թե երկիրը պետք է հիմնովին քանդել ու նորովի կառուցել։ Այս կոնտեքստում քարոզելով՝ հավատացնում էր, որ հարուստներից կվերցնի ունեցվածքը և կբաժանի աղքատներին, քանի որ հարուստները տարիներ շարունակ անարդարացիորեն թալանել էին այդ նույն աղքատներին։ Ամբոխը հիանում էր նրանով, ընդհուպ երկրպագում, քանի որ նրան հաջողվեց իր անձի պաշտամունքի մակարդակի հասնել։ Դա հնարավորություն տվեց նրան երկրի ու ժողովրդի գլխին բոլոր պատուհասները բերել… ժողովրդի անունից։ Վարչապետի աթոռը զավթելու օրվանից երկիրը շարունակ գտնվում է ցնցումների մեջ, քանի որ առաջին օրվանից քաղաքական հետապնդումներ է իրականացնում «հակահեղափոխականների» նկատմամբ, մտացածին մեղադրանքներով ձերբակալում իր բոլոր ընդդիմախոսներին, նրանց ծեփում պատերին, փռում ասֆալտին։

Բայց եթե նույնիսկ ընդդիմադիրները բանտերում են, միևնույն է, նրա աչքին ամենուր և ամեն ոք դավադրություններ ու դավադիրներ են։ Նա սիրում է իր սուպերվարչապետական իշխանությունը, սիրում է վայելել այդ իշխանության բարիքները։ Նա երկրի գանձարանից միլիոնավոր դոլարներ է ծախսում իր իշխանության գեղեցիկ փաթեթավորման վրա՝ շքեղ զրահապատ մեքենաներ, վերանորոգված կառավարական ամառանոցներ, զինված դիմակավորված թիկնապահներ և այլն։ Բայց երկրում գործերը լավ չեն, չնայած որ դա նրան քիչ է հետաքրքրում։ Տնտեսությունը կոլապսի մեջ է, կառավարման համակարգում քաոս է ու անիշխանություն։ Ոչ մի պետական մարմին արդյունքին միտված չի աշխատում, դատական համակարգը նրա հարձակումներից կաթվածահար վիճակում է։ Բայց նա շարունակում է պնդել, որ ամեն ինչ հանուն ժողովրդի է, ժողովրդի ցանկությամբ և պատվերով։ Սիրում է անընդմեջ շեշտել, որ ժողովուրդն իր հետ է, բայց ի սկզբանե մենակ է եղել։

Նրա կողքին առհասարակ ընկերներ չկան։ Նա չունի ընկերներ, քանի որ ասում են, թե տեսակով վախկոտ մարդն ընկեր չի ունենում։ Իսկ ով կա, նրա ընկերները չեն, այլ պաշտոնյաներ են ընդամենը։ Նա փնտրել և գտել է քաղաքական զրոներ, որպեսզի զրոների առջևից կարողանա մեկ թիվը պատկերել։ Բայց նա առանց վարանելու մատաղ կանի իրենից հետո շարված զրոներին, քանի որ սիրում է միշտ պատասխանատվությունը դնել ուրիշների վրա։ Նա սիրում է երկիրը կառավարել կնոջ հետ։ Այս ողջ ընթացքում «առաջին տիկինը» չի ցանկանում գտնվել ամուսնու ստվերում, և առիթ-անառիթ իր մասին հիշեցնում է։ Նա մեծ իշխանություն և ազդեցության լծակներ ունի։ Առաջին տիկնոջը սկզբում ժողովուրդը սիրում էր, համարում էր բարի և օրինակելի։ Սակայն ամեն հարցում ու մասնավորապես Արցախյան պատերազմին նրա մասնակցությունը նրան վերածել է ամենաքննադատվող կերպարի։

Ինչ խոսք, նրանք միասին հեռանալու են, կամ հեռացվելու են՝ իրենց հետևից թողնելով պատերազմում պարտված, աղքատ, ավերված տնտեսությամբ հազիվ գոյատևող երկիր, որի գոյությունն անգամ այսօր վտանգի տակ է դրված։ Ու այն նույն ամբոխը, որը հրապարակներում, փողոցներում, նույնիսկ Եռաբլուրում վանկարկում էր նրա անունը, հագնում էր նրա անունով շորեր, խմում նրա պատկերով օղի, նրանց է փնտրելու՝ պատասխան ուզելու կորսված հայրենիքի, տասնյակ հազարավոր զոհերի, վիրավորների ու անհետ կորածների համար, մարդկանց հույսերն ու հույզերը խորտակելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: