Շնորհավո՜ր ծնունդդ, դավաճանված, բայց մեր հպա՛րտ Բանակ

165

Ինչպես բոլոր կարևոր օրերին, այնպես էլ այսօր, սոցիալական հարթակը ողողված էր բանակի մասին հուզական, արցունքախառն, կարեկցական գրառումներով: Ոմանք՝ բանակ բառը հասարակ գոյական լինելու շեմը չգերազանցող գիտակցությամբ, թախծոտ գրառումներ էին արել՝ նվիրված բանակին, հորդորում էին՝ ծնկած բանակին ոտքի կանգնել:
Ինչպես կարող է այդ մարդը ինչ-որ բան հորդորել բանակին, զինվորին: Այդ մարդիկ միայն իրենց ֆեյսբուքյան էջերին կարող են հորդորել և այդպես էլ անում են:

Հունվարի 28-ը՝ բոլորիս ծննդյան օրերը խաղաղ նշելու գրավական, Հայաստանի երրորդ Հանրապետության ամենահպարտ ու անպարտ ինստիտուտի ծննդյան օրն է:
Հայաստանի Հանրապության բանակը մեր հույսն է, ամպամած երկնքում նշմարվող արևն է, որը ցրում է բոլոր գորշ ամպերին:

Այո՛, այսօր էլ մեր բանակն անպարտ է, մեր բանակը չի՛ պարտվել: Պարտվել են դավաճանները, պարտվել են ՀՀ Զինված ուժերի համազգեստը Երևանի փողոցներում աննպատակ հագնողները, պարտվել են բոլորը, բացի Հայկական բանակից:
Պատերազմի օրերին բախտ վիճակվեց լինել Արցախում: Տեսնել զինվորների կամքը, խիզախությունը, աչքերի փայլը: Վստահաբար եմ ասում՝ հայ զինվորը չի՛ պարտվել, հայ սպան  չի՛ պարտվել, հայկական բանակը չի՛ պարտվել:
Պարտվել եմ ես, պարտվել ես դու, պարտվել ենք բոլորս, բայց հայկական բանակը՝ ո՛չ:

Տարիներ շարունակ մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակն է եղել: Ճիշտ է, անհարգելի պատճառներով բանակը ծնկել է: Ընդունենք, որ հարազատի՝ թիկունքից հասցրած հարվածից, բոլորս կծնկենք, բայց, ի վերջո, ոտքի ենք կանգնում ու այդ հարազատ կորվածին ուղարկում գրողի ծոցը: Մեր բանակն էլ է ոտքի կանգնելու ու բոլոր այդ հարազատ կոչվածներին ուղարկելու է իրենց արժանի վայրը:

Շնորհավո՜ր ծնունդդ, դավաճանված, բայց մեր հպարտ Բանակ:
Շնորհավո՜ր Ձեր տոնը, ընկած հերոսներ, պարտական ենք Ձեզ, պարտք ենք Ձեզ:
Շնորհավո՜ր Ձեր տոնը տղերք, լուր չունենք Ձեզանից, գերության մեջ եք, բայց վերադառնալու եք, բարի վերադարձ Ձեզ:
Շնորհավո՜ր Ձեր տոնը, մեր պետության սահմանների արծիվներ, խաղաղ ծառայություն Ձեզ:

Այսօր հրավառություն չի լինելու, զորահանդես չի լինելու, բայց հույս է լինելու, կամք է լինելու, հավատ է լինելու, որ մյուս հունվարի 28-ը Շուշիում ու Հադրութում ենք նշելու:

Իշխան Թովմասյան