Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին «մնացածից մեկ ժամ անց». Ռոհանի

121

Թեհրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի իրականացմանը «մեկ ժամ անց», երբ դա անեն մյուսները. հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք միշտ ասում էինք` վերադարձեք ձեր պարտավորություններին, մեկ ժամ հետո մենք կվերադառնանք մեր պարտավորություններին»,- ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրված կառավարության նիստի ժամանակ:

2015 թ.-ին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել էին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրականացման մասին: Համաձայնագիրը նախատեսում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: Գործարքը նախնական տեսքով չի տևել նույնիսկ երեք տարի. 2018-ի մայիսին Միացյալ Նահանգները հայտարարեց դրանից միակողմանի դուրս գալու և Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցները վերականգնելու մասին:

Իրանը 2019-ին հայտարարել էր համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։