ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացվեց հերոս հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարան (տեսանյութ)

312

«Որդիս նաև հատուկ ջոկատայինի դիպուկահար էր: Մի օր եկավ տուն, անտրամադիր էր: Հարցրի՝ ի՞նչ է պատահել: Ասաց՝ պապ, ես մարդասպան եմ: Ասացի՝ որդիս, դու մարդասպան չես, դու քո նախնիների պատգամն ես կատարում: Եթե դու թշնամուն չոչնչացնես, մեր ազգը գոյություն չի ունենա»,- պատմում է հետախույզ Վահագն Թումասյանի հայրը:

Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացվեց հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանը: Վահագնը նույն ֆակուլտետի ուսանող է եղել, սովորել է Թաթուլ Կրպեյանի, Վարդան Դալլաքյանի անվան լսարաններում, նրանց սխրանքներից ոգեշնչվել, ինքն էլ բռնել հայրենիքի պաշտպանի ուղին ու արցախյան պատերազմում  թշնամու հրթիռակոծությունից հոկտեմբերի 12-ին Ջաբրայիլում զոհվել: Անգամ զոհվելիս մի վերջին մեծահոգություն է արել՝ մարմնով ծածկելով իր ընկերներին: Նրանք ողջ են մնացել, հողին հանձնել Վահագնի մարմինը, բայց հետո իրենք էլ են զոհվել:

Վահագն Թումասյանն, ավարտելով ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը, ընդունվել է Հայաստանի հարակից երկրների պատմության բաժնի մագիստրատուրան և աշխատանքի անցել ռազմական հետախուզության ոլորտում: Նա մեծ նվաճումներ է ունեցել, Պաշտպանության բոլոր նախարարներից ստացել մեդալներ ու պատվոգրեր: Վահագն Թումասյանը գերազանցությամբ է ավարտել  Չինաստանի ռազմական ակադեմիան, նաև  Մոսկվայի ռազմական հետախուզության արտաքին գործերի ակադեմիան: Նա զբաղվել է նաև գիտական աշխատանքով՝ ուսումնասիրելով ռազմական հետախուզության նրբություններն ու դրանք ներկայացնելով տարբեր հոդվածներում: Վահագն Թումասյանը տիրապետել է թուրքերենին ու ադրբեջաներենին, կատարել  հետախուզական բարդ առաջադրանքներ:

Պատմաբանի, հայ սպայի՝ փոխգնդապետի նրա կերպարն օրինակ է եղել թե՛ զինվորների, թե՛ ուսանողների համար:

Վահագնի դուստրը՝ Մարիամը, լսարանի անվանակոչման առիթով ասաց՝ հպարտ եմ, որ մեծ սխրանքներ գործած հերոս հայր եմ ունեցել: Այդպիսի հայր ունենալը մեծ պատասխանատվություն է:

Մանրամասները՝ տեսանյութում