Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է երկրի ԳՇ պետ Նաջմեդդին Սադիգովի՝ ծառայությունից հեռացման մասին տեղեկությունը

129

Նաջմեդդին Սադիգովը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել և Մոսկվայում սրտի բաց վիրահատության ենթարկվել. հայտնել է Ադրբեջանի ՊՆ–ն՝ APA գործակալության հարցմանն ի պատասխան՝ հավելելով, որ այս պահին Սադիգովը զինվորական ծառայության մեջ չէ։

Հիշեցնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի հենց առաջին օրերին տեղեկություն էր տարածվել, որ Սադիգովին հեռացրել են ԳՇ պետի պաշտոնից։ Պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո Սադիգովը չէր երևացել հանրությանը։ Պատերազմի օրերին նրա անունը հանվել էր նախարարության պաշտոնական կայքի «Կառուցվածքային ստորաբաժանում» բաժնից։ «Տեղեկատվությունն այն մասին, որ գեներալ Նաջմեդդին Սադիգովը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, իրական չէ»,- հոկտեմբերին հաղորդել էր Ադրբեջանի ՊՆ-ն։

Փաստորեն, այն տեղեկությունը, որ Սադիգովին պաշտոնից հեռացնելը եղել է Թուրքիայի պահանջը, համապատասխանում է իրականությանը։ Սադիգովը թեև վերապատրաստում է անցել Թուրքիայում, այնուամենայնիվ, համարվում է երկրի զինվորականության ռուսամետ պաշտոնյաներից մեկը, իսկ Թուրքիան Ադրբեջանից պահանջել է իրականացնել «ռուսամետ» զինվորականների՝ ԶՈՒ–ից հեռացման գործընթաց, որը մինչ օրս էլ իրականացվում է։