Պուտին. Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերը հետևողականորեն իրականացվում են

147

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերին, հետևողականորեն իրականացվում է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել զինված հակամարտության դադարեցման ուղղությամբ: «Ինչպես գիտեք, նոյեմբերին ստորագրվեց Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունը: Կարևոր է, որ այն, մեծ հաշվով, հետևողականորեն իրականացվում է», – շեշտել է Ռուսաստանի ղեկավարը:

«Այժմ միջազգային հանրությունը կանգնած է տուժած տարածքներին օգնություն ցուցաբերելու, փախստականների վերադարձի հետ կապված մարդասիրական խնդիրներ լուծելու, ավերված ենթակառուցվածքների վերականգնման, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման խնդրի առաջ», ասել է Պուտինը։