Ուսանողն արդեն կորցնում է իր կարգավիճակի գիտակցումը

273

Հայաստանյան մի շարք ԲՈՒՀԵՐ կայացրեցին ու շարունակում են կայացնել կարևորագույն որոշում. անցել կամ փորձում են անցնել  առկա ուսուցման (ոչ հեռավար կամ առցանց): Մարդիկ, վերջապես, գլխի են ընկնում «օնլայն» կոչեցյալի անհեթեթության և մոտ ապագայում սպասվող սպառնալիքի հասունացման վտանգը: Այն է՝ դասապրոցեսի, մեղմ ասած, տապալում (ոչ դասախոսի մեղքով), թերի ուսուցում, ուսանողական առօրյայի բացակայություն, շփման աններդաշնակ նոսրացում, մասնագիտացման, պրակտիկ արդարացված մեթոդների իսպառացում և այսպես շարունակ:

Հնարավոր է «ավարտացնել» ուսանողին՝ վարձավճարի կլանման և անիմաստ, անհեռանկարային «կադրաբուծության» հաշվին: Բայց արդյո՞ք սա է խելամիտ որոշումը: Առցանց ուսուցումն անցկացվում է անընդմեջ խոտանվող ինտերնետային կապի միջոցով, ընդհատումներով, սահմանափակ արտահայտման պարագայում, դասախոսի հետ առերեսման և դասապրոցեսից դուրս նպաստավոր քննարկման բացակայության շրջանակներում: Ուսանողն արդեն կորցնում է իր կարգավիճակի գիտակցումը և դուրս է մնում տարիների մշակված ռեժիմից. կանոնիկ  առօրյայից, շփումներից, շահեկան «վազքից» և դժվարությամբ ձեռք բերված գիտելիքը ցնդում է կենցաղային միապաղաղ օրվա մեջ: Ուսանողների (որոնց գերակշիռ մասը չափահասներ են) համոզմամբ իրենց վճարած վարձին անհամահունչ գիտելիք է մատուցվում և տվյալ պարագայում, երբ անվերահսկելիորեն կանոններից դուրս է ներերկրային պայքարը համաճարակի դեմ և անխափան գործում են գրեթե բոլոր կառույցները, պետք է բացվեն բուհերը:

Ալիքը, որը թափ է առնում մի շարք համալսարաններում, պետք է իր մեջ ներառի նաև ԵՊՀ-ին՝  ուսանողական զգալի պաշար ունեցող համալսարանին: Տպավորություն է, որ պետական համալսարանը «հ1» հեռուստաալիքի պես իշխանական չնչին լծակ է դարձել և անհիմն քաղաքականացված է վերջերս: Ուսանողները, որպես անկուսակցական, անաչառ երիտասարդներ, վճարողի իրենց լիարժեք իրավունքով պահանջում են դասերի բնականոն վերսկսում: Եթե վաղուց բաց է ազգային գրադարանը, որտեղ կողք-կողքի կարդում են, եթե բացվում են որոշ կրթական հաստատություններ, եթե տրանսպորտը անվերահսկելիորեն գործում է, ռեստորանային, սննդի կետերը առաջվա պես բնականոն գործունեության մեջ են, եթե առհասարակ կյանքն ընթանում է ինպես որ է, ապա ինչու՞ պետք է չբացվեն բուհերը՝ հանուն որակյալ, իմաստավորված կրթության, հանուն բարվոք ապագայի, հանուն պիտանի մասնագետների առաջխաղացման:

    Ավելի քան կենսական անհրաժեշտություն է երիտասարդության վերաադապտացման պրոցեսը, որը պետք է առերեսվի երկրի թոթափման հետ: Չկա ավելի էական, նշանակալի հաստատության կարևորություն, քան կրթօջախն է: Նույնիսկ ԱԺ-ն մեզանում թերարժեք մի կուտակում է, որն իդեպ եթե անխափան (անդիմակ) գործում է, ուրեմն բուհերը պետք է բացվեն ու բացվեն: Ուրիշ հարց է, եթե կան երիտասարդությանը զսպելու, «սանձահարելու» որոշակի թաքուն միտումներ. դա լրի՜վ ուրիշ, ցավոտ հարց է:

Հ.Գ. Լավագույն դեպքում հարցի լուծումը թողնված է ներֆակուլտետային կամայականության ուսերին: Սա էլ նշանակում է՝ բուհի մասնակի բացում, կիսատ, ցանցառ ուսանողության թերի ներգրավում: Ցավալի է և միանգամայն անարդարացի. կլինեն ծուլության բարդույթով մարդիկ, որոնց համար հաճելի կթվա «հեռավար» տխմարության քարշ տալն ու ակամա ավարտելը: Իսկ հայտնի բան է՝ դուրսպրծուկների կարծիքն արժևոր է եղել գրեթե միշտ:

 Պետությու՛ն, գործիր: