Թշնամին ամենևին մտադիր չէ մոռանալ իր թշնամության մասին, որքան էլ ՀՀ իշխանությունը ջայլամի դիրք ընդունի. Նաիրի Հոխիկյանի պարզաբանումը՝ Արփայի և Որոտանի մասին

66

Քարվաճառը թշնամուն հանձնելուց 2 ամիս անց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարը հայտարարում է, թե Արփա և Որոտան գետերի ակունքները մնացել են Ադրբեջանի հսկողության տակ, և դա վտանգավոր է Սևանա լճի համար։ Դասականը ժամանակին կասեր՝ իյա, իրո՞ք. գրում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը:

Նա 2015 թվականից սկսած՝ պարբերաբար բարձրաձայնում է այդ խնդիրը, որ Քարվաճառի ջրհավաք ավազանը կարող է վտանգի ենթարկվել, քանի որ այն Ադրբեջանի թիրախում է։ Զրո արձագանք իշխանության կողմից։

2020թ․ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունից հետո մի քանի անգամ անձամբ գնացել է Քարվաճառ, եել  այդ ավազանում, նկարահանումներ արել, տեղից ներկայացրել այն խնդիրները, որոնց առաջ կարող ենք  կանգնել, եթե հենց այդ հատվածը անցնի Ադրբեջանի հսկողության տակ։

«Երեք մարդ այդ ժամանակ և հետագայում փորձեց ինձ հետ քննարկումներով հասկանալ, թե ինչ է հնարավոր անել և որոշ քայլեր ձեռնարկել՝ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Սոֆյա Հովսեփյանը և ՌԴ դեսպանության ներկայացուցիչը։ Իսկ իշխող խմբակցության նորելուկ պատգամավորներից մեկը «բարեկամաբար խորհուրդ տվեց» քիչ խոսել այն թեմաների մասին, որոնց իրավասությունը միայն իրենք ունեն։ Իհարկե, այդ պատգամավորին ուղարկեցի այնտեղ, որտեղ պետք էր»,- նկատում է Նաիրի Հոխիկյանը:

Մինչև Քարվաճառը հանձնելը՝ 2020թ․ նոյեմբերի 25-ը, կար հնարավորություն՝ պահելու այդ ջրհավաք ավազանը, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից դա պատկանում է ՀՀ-ին։ Քարվաճառն ընդհանուր առմամբ Ադրբեջանին է փոխանցվել 1925-1933 թվականների ընթացքում՝ անջատվելով Արցախից, իսկ Ալ լճերի հատվածը երբևէ չի եղել Քարվաճառի մեջ, այլ պատկանել է ՀՀ-ին և միայն 1933-40 թվականների ընթացքում է փոխանցվել Ադրբեջանին, որպեսզի ամռանը քուրդ հովիվներն այնտեղ արածեցնեն իրենց ոչխարները։ Չնայած դրան, այդ հատվածը՝ 240քկմ ընդհանուր մակերեսով, որպես սեփականություն չի հանձնվել Ադրբեջանին։

Տարիներ շարունակ ՀՀ տարբեր ժամանակների իշխանություններին առաջարկում էի հաշվի առնել այդ գործոնը և ապագայի սպառնալիքներից խուսափելու համար Ալ լճերի հատվածը ներառել ՀՀ կազմի մեջ՝ հենվելով միջազգային իրավունքի վրա։ Ոչ հանրապետական, ոչ էլ իմքայլական իշխանությունները պատշաճ ուշադրություն չդարձրին։

«Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը առաջինն է բարձրաձայնել Քարվաճառի ջրհավաք ավազանի խնդիրը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ բազմիցս քննարկել դա, մենք միասին տարբեր նախագծեր ենք իրականացրել, որպեսզի Սևանա լիճ թափվող Արփա գետի ակունքները ապահովագրված լինեն։

Այսօր դրանք ևս Ադրբեջանի հսկողության տակ են նույն Google maps-ի հիման վրա հստակեցվող GPS քարտեզներով։

Մի մոռացեք, թշնամին ամենևին մտադիր չէ մոռանալ իր թշնամության մասին, որքան էլ ՀՀ իշխանությունը ջայլամի դիրք ընդունի»,- նշել է  փորձագետը։