ՌԲԿ. Հունվարի 27-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները կքննարկեն ՀՀ տարածքով անցնող երկաթգծի հարցը

129

Հունվարի 27-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպում են նախատեսում Մոսկվայում` Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների կառուցման հարցի քննարկման համար: Այս մասին ՌԲԿ-ին հայտնել են երկու աղբյուրները Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարություններում: Ռուսական կողմից բանակցություններին կմասնակցի Ալեքսեյ Օվերչուկը, հայկական կողմից` Մհեր Գրիգորյանը, ադրբեջանական կողմից` Շահին Մուստաֆաեւը, նշել է ռուսական դիվանագիտական աղբյուրը:

ՌԲԿ-ն հարցում է ուղարկել Օվերչուկի ներկայացուցչին, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններ: Ռուսական երկաթուղիների խոսնակը հրաժարվել է մեկնաբանություններ տալ:

Կողմերը պայմանավորվել են բանակցությունների այսպիսի ձեւաչափ ստեղծել հունվարի 11-ին` Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո երեք երկրների ղեկավարների` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջին անձնական հանդիպման ժամանակ: Ձեւաչափի մասնակիցների գլխավոր խնդիրն է որոշել, թե ինչ է պետք կառուցել կամ վերականգնել` տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության լիարժեք ապասառեցման համար:

Փոխվարչապետները պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագծեր, մասնավորապես՝ Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցումը, որը կապ կապահովի Ադրբեջանի եւ Նախիջեւանի (ադրբեջանական էքսկլավ) միջեւ, ինչպես նաեւ Հայաստնաի եւ Ռուսաստանի միջեւ: Հիմա Ադրբեջանի կապը Նախիջեւանի հետ իրականացվում է միայն ավիահաղորդակցությամբ: Բաքուն, ի թիվս այլոց, կցանկանար հասնել նաեւ այնտեղ ավտոմայրուղու կառուցմանը, ՌԲԿ-ին ասել է ռուսական դիվանագիտական աղբյուրը: Փոխարենը Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ երկաթուղային կապ ստանա: Երկրները ուղիղ հաղորդակցություն չունեն՝ նախկինում այն իրականացվում էր Վրաստանով, բայց 2008 թվականի պատերազմից հետո ընդհատվել է: Դրանից բացի, փոխվարչապետները քննարկելու են Նախիջեւանով Հայաստանի ու Իրանի երկաթուղային կապի ապահովման վերաբերյալ առաջարկը, ասել է ՌԲԿ-ի զրուցակիցը:

Ադրբեջանն արդեն սկսել է իր տարածքում երկաթուղու հատվածի շինարարությունը: Դեկտեմբերի վերջին Իլհամ Ալիեւն ասել էր, որ երկրից առավելագույնը 2 տարի կպահանջվի, որ կառուցի Հորադիզից մինչեւ Զանգելան, Հայաստանի սահմաններ ճյուղը:

Հունվարի 11-ի հանդիպմանը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին, որ աշխատանքային խումբը մինչեւ մարտի 1-ը պետք է ներկայացնի նախագծերի ցուցակ եւ կատարման ժամանակացույց:

News.am