Հայի ծուռվիզն է «լավ»

230

Հազարավոր տարիների ընթացքում հայ ազգի գլխով շատ հողմեր են անցել։ Դրանք հիմնականում մեր գլխին դիպել են հենց մեր մեղավորությամբ։ Մեր՝ որպես ազգ, որպես հանրույթ, որպես ընտանիք։ Մենք հազարավոր տարիներ ապրել ենք՝ մաշելով մեր հայրենիքը՝ կտոր առ կտոր կորցնելով և վերապրել ենք ու բնական գոյության համար տարածք պահպանել՝ միայն շնորհիվ մեր պապերի ահռելի ժառանգության։

Մեր ազգին բնորոշելու համար կարելի է տասնյակ մակդիրներ գտնել, բայց թերևս, ամենահաճախ հանդիպող գիծը այն է, որ մենք չխրատվող ու դասեր չքաղող ազգ ենք։ Մենք չենք սերտում սեփական պատմությունն ու ճակատագրի դառը դասերը։
Հարյուրավոր տարիներ առաջ մեր ամենասիրելի պատմական գործիչներից մեկը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը, տվեց մեր խնդիրների գլխավոր ախտորոշումը։ Մեր տունը քանդել է ՝ Վեհափառի կողմից մատնացույց արված, «թղթե շերեփը»։
Մենք դարեր շարունակ աշխարհին ներկայացել ենք՝ որպես ճնշված, ասպատակված ու հայրենազրկված ազգ, ու աշխարհը մեզ այդպիսին է ճանաչել։
Մենք, թողած Խորենացու «Տիգրանն ու Աժդահակը», աշխարհին պատմել ենք «Ողբը», թողած Տիգրան Մեծի հերոսական պատմությունը՝ աշխարհին ու ինքներս ներկայացրել ենք Արտավազդի գերվարությունը, թողած Վանի հերոսական ինքնապաշտպանությունը՝  աշխարհին ներկայացրել ենք Ադանայի ջարդերը։
Մենք, մեր պատմության խոցերը սովորելու ու դրանցից դասեր քաղելու փոխարեն դրանք հրամցրել ենք աշխարհին ու շարժել նրա խղճահարությունը։
Պատկերացնու՞մ եք՝ Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Աշոտ Երկաթ, Նարեկացի, Շիրակացի, Արամ Խաչատրյան ծնած ազգը դարեր շարունակ փորձել է արժանանալ աշխարհի… խղճահարությանը։
Հայոց պատմության ընթացքում առանձին անհատներ, առանձին խենթեր հասկացել են սա ու գտել ելքն ու ճարը։ Նրանք Սարդարապատում, Սյունիքում, Բաշ Ապարանում ու Արցախում ցույց են տվել, որ մենք արժանի ենք ապրելու։
Ցավոք, ո‘չ մեր ժողովուրդը, ո‘չ «քաղաքակիրթ» աշխարհը երբեք չհանդուրժեց այս անհատների գոյությունը։
Թե՛ մեր ժողովուրդը, թե՛ քաղաքակիրթ աշխարհը սովոր է տեսնել մեզ՝ ծուռվիզ, խնդրող ու «թղթե շերեփով»։
Թվում էր՝ Արցախյան ազատամարտից հետո մենք վերջապես մի կողմ նետեցրնք թղթե շերեփը՝ գիտակցելով երկաթյա շերեփի նշանակությունը։ Բայց սա խաբկանք էր։ Մեր միջից մի քանի հազարը միայն հասկացավ սա ու իր կյանքը զոհեց հանուն սրա։ Մենք չկարողացանք արժանի լինել այդ բագինին թափված արյանը, չկարողացանք ստեղծել արժանապատիվ հասրակություն։ Մենք «ծուռվիզների» հասրակություն ենք ու քանի դեռ չենք շտկել դա, քանի դեռ չենք դաստիարակել ուժեղ սերունդ, պետություն, բանակ ու հաղթանակ ունենալու իրավունք չենք ունենա։