Ադրբեջանի ԱԳՆ–ն դատապարտել է ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովին՝ այդ երկրի վերաբերյալ հայտարարությունների համար

110

Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովին՝ Ադրբեջանի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:

«Ռուսաստանի Պետդումայի անդամ Վիտալի Միլոնովի հերթական սադրիչ քայլը ընդդեմ Ադրբեջանի լիովին հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի բարձր մակարդակի հարաբերություններին:

Պետդումայի անդամի նման անպատասխանատու պահվածքը, որը չի համապատասխանում Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը, փորձ է ստվեր գցել մեր երկրների հարաբերությունների վրա: Նրա ելույթը խարխլում է նաև տարածաշրջանի երկրների, այդ թվում` Ռուսաստանի ձեռնարկած քայլերը` տարիներ շարունակ թշնամությունը դադարեցնելու և ժողովուրդների միջև խաղաղություն, հանգստություն և համագործակցություն ապահովելու ուղղությամբ», – նշել է Աբդուլաևան։

Հիշեցնենք, որ Վիտալի Միլոնովը Ստեփանակերտ էր այցելել 2020-ի աշնանը ռազմական գործողությունների թեժ պահին: Իր այցի ընթացքում Միլոնովը դատապարտել է Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ: Պետդումայի պատգամավորն իր այցի ընթացքում ընդգրկվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» և սպառնալիքներ է ստանում ադրբեջանցիների կողմից իր հասցեին: