Վախը կորոնավիրուսով վարակվելու պատճառներից մեկն է

111

Կորոնավիրուսային վարակի նկատմամբ խուճապային վախը իջեցնում է իմունիտետի մակարդակը և մարդուն ավելի խոցելի դարձնում տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ COVID-19-ի նկատմամբ: Այս մասին ռուսական Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նշել է ռուս հոգեթերապևտ Իգոր Սալինցևը:

«Անհանգստացող անձն ավելի խոցելի է, ներառյալ՝ վիրուսային պաթոլոգիայի նկատմամբ: Պսիխոսոմատիկան կարող է վերածվել իրական հիվանդության»,- ասել է Սալինցևը:

Ըստ նրա՝ ավելորդ անհանգստությունը նվազեցնում է մտավոր կայունության մակարդակը, ինչպես նաև բացասաբար է անդրադառնում մարմնի նյութափոխանակության պրոցեսների և իմունիտետի վրա:

Անհանգստության մակարդակը նվազեցնելու համար փորձագետը խորհուրդ է տվել ուսումնասիրել հավաստի տեղեկատվություն և դադարեցնել ուշադրություն դարձնել ասեկոսեներին: Ըստ նրա՝ որքան մարդը շատ գիտի խնդրի մասին, այնքան քիչ է վախենում:

Սալինցևը նաև խորհուրդ է տվել պատվաստվել կորոնավիրուսի դեմ`նշելով, որ պատվաստումը ոչ միայն կպաշտպանի COVID-19-ից, այլև կնվազեցնի անհանգստության մակարդակը, քանի որ մարդն այլևս չի վախենա վիրուսից: