Հրանտ Դինքի սպանությունը․ 14 տարի անց ո՞ր փուլում է դատական գործը

85

«Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը 14 տարի առաջ սպանվել է թերթի այդ ժամանակվա գրասենյակի առջև, 17 տարեկան Օգյուն Սամասթի կողմից։ Դինքի սպանության գործում անտարբերություն ցուցաբերելու և պատասխանատու լինելու մեջ մեղադրվողներից յոթը բանտարկված են, 13-ը՝ փախուստի մեջ, իսկ 76 հասարակական անվտանգության աշխատակիցների դատավարությունները դեռևս շարունակվում են։

Դատավարության 122-րդ նիստը տեղի է ունեցել անցած շաբաթվա ընթացքում Չաղլայանում գտնվող Ստամբուլի 14-րդ քրեական դատարանում։ Հիմնական իրավական գնահատական տալուց հետո Տրապիզոնի հասարակական անվտանգության նախկին աշխատակիցներից Վեյսել Շահինը, Վոլկան Շահինը և Օքան Շիմշեքն էլ են ձերբակալվել  սպանությունից առաջ դրա մասին տեղյակ լինելու վերաբերյալ ապացույցների առկայության հիմքով։

Դատական նիստի ժամանակ ցուցմունք տված ամբաստանյալներից ոմանք մեկը մյուսին մեղադրել են, իսկ մի մասն էլ սեփական պաշտպանական ճառում շեշտել է, որ կապ չունի Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ։

Դատական հաջորդ՝ 123-րդ նիստը հունվարի 20-ին էր։

Այդ նիստը հետաձգվել էր հունվարի 22-ին, որի ժամանակ Վոլքան Շահինը ազատ արձակվեց, իսկ Ալի Օզին 70 տարեկան լինելու պատճառով տնային կալանք տրվեց։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 27-ին։

Թուրքիան դաս չքաղեց այդ սպանությունից․․․

Հրանտ Դինքի սպանությունից՝ 2007 թ․ հունվարի 19-ից հետո ամեն տարի նույն օրը «Ակօս» թերթի նախկին խմբագրատան դիմաց հիշատակության արարողություն է տեղի ունենում։ Այս տարի Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած հիշատակության արարողության շրջանակներում շենքի վրա լուսացրիչի միջոցով ցուցադրվել են Հրանտ Դինքի լուսանկարը և աղավնու պատկերներ՝ մեծ արձագանք ստացած «Աղավնու տագապը» հոդվածի առնչությամբ։

Իրավական գործընթացի սկսվելուց հետո գործին հետևած Հրանտի ընկերներից Բյուլենթ Այդընն ասաց, որ «Արդարություն Հրանտի համար» կարգախոսից 14 տարի անց էլ դա դեռ չի կորցրել իր արդիականությունը։

«Դուվար» թերթում, վերջաբանին մոտ այդ դատական գործի մասին Այդընն ասում է․ «Եթե այդ գործն այս ձևով ավարտվի, էական թերություններ կունենա։ Քանի որ այդ գործում չի քննվում սպանությանը հանգեցրած գործընթացը։ Հետաքննությունն ընդլայնելու պահանջները չեն բավարարվել։ Հնարավոր չի եղել դատարան բերել Դինք ընտանիքի փաստաբանների կողմից հարցաքննության ենթակա որոշ անձանց։ Նույնիսկ որոշ ականատեսների հնարավոր չի եղել ունկնդրել, ինչպես օրինակ՝ Հրանտ Դինքին Ստմաբուլի քաղաքապետարան կանչած և սպառնալիքներ հնչեցրած ազգային անվտանգության աշխատակիցներին։ Չնայած դատարանն այդ հարցով որոշում էր կայացրել, սակայն իր որոշումը չեղարկել էր Անվտանգության ծառայությունից պատասխան չստանալու պատճառով»։

«Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը դարձյալ «Դուվար» թերթում հրապարակված մի հոդվածում նշել է, թե Հրանտ Դինքի սպանությունից դաս չեն քաղել, ապա՝ հավելել․ «Երբ Թուրքիայում ամեն ոք տարբեր ձևերով թիրախավորվում է, դժվար է ասել, թե «այդպիսի բան այլևս չի կրկնվի», քանի որ Թուրքիան դրանից դասեր չի քաղել»։

Ստորև 5 ենթավերնագրերով ներկայացնում ենք, թե ինչեր են կատարվել Հրանտ Դինքի սպանության գործով 14 տարի տևած հետաքննության ընթացքում։

Ի՞նչ է տեղի ունեցել սպանությունից հետո

Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան մոտակայքում՝ մայրուղու վրա, Հրանտ Դինքը մահացու հրազենային վնասվածք ստացավ, որից կարճ ժամանակ անց անվտանգության տեսախցիկի կադրերից մարդասպանության մեջ կասկածվողը բացահայտվեց։

Կասկածյալ Օգյուն Սամասթի  նկարներն անմիջապես տարածվեցին մամուլի միջոցով։

Այդ ժամանակ 17 տարեկան Սամասթը հոր ցուցմունքի հիման վրա ձերբակալվեց հանցագործությունից 36 ժամ հետո, Տրապիզոն գնալու ճանապարհին, Սամսունի ավտոկայանում։ Սպանության ժամանակ օգտագործված զենքը ևս առգրավվեց։

Ստամբուլի ոստիկաանությունը սպանությունից կարճ ժամանակ անց կասկածյալի նկարները տարածեց մամուլի միջոցով։

«Անադոլու» գործակալությունը հաղորդեց, որ Սամասթը հարցաքննության ժամանակ ընդունել է, որ ինքն է սպանել, սակայն չի ափսոսում դրա համար։ Ըստ լուրերի, նա հանցագործությունը կատարել է Յասին Հայալի հրահանգով։ Յասին Հայալի անունը ավելի վաղ առնչվել էր 2004 թ․ Տրապիզոնում գտնվող արագ սննդի մի ռեստորանում եղած պայթյունի հետ, որի պատճառով վեց մարդ էր վիրավորվել։ Սամասթի ցուցմունքերից հետո Հայալը ևս ձերբակալվեց։ Հայալն էլ ցուցմունքում նշել է, որ սպանությունը ծրագրել է Էրհան Թունջելի հետ։ Այդ ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է նաև Թունջելը, որն այդ ժամանակ Սև ծովի տեխնիկական համալսարանի ուսանող էր։ Պարզվել է, որ Թունջելը որոշ ժամանակ Տրապիզոնի ոստիկանության գործակալ է եղել։ Մամուլում նշվել է, որ Թունջելն ու Հայալը Սամասթի «ավագ եղբայրներ» են եղել։

Սամսունում ձերբակալվելուց մի քանի օր հետո հեռուստատեսությամբ հրապարակվել են Սամասթի և որոշ ոստիկանական պաշտոնյաների միասին արված լուսանկարը՝ Թուրքիայի դրոշի առջև ծիծաղելիս։ Այդ դեպքը մեծ արձագանք գտավ, որը նաև պատճառ դարձավ, որ օրակարգ բերվի սպանության մեջ պետական պաշտոնյաների խաղացած դերի հարցը։

Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքն էլ թաղման արարողության ժամանակ ելույթում նշեց․ «Քանի տարեկան էլ լինի մարդասպանը՝ 17 թե 27, ով ուզում է՝ լինի, գիտեմ, որ մի ժամանակ երեխա է եղել։ Մի երեխայից մարդասպան կերտած խավարն առանց քննելու՝ ոչինչ հնարավոր չէ անել, եղբայրնե՛ր»։

Ի՞նչ է տեղի ունեցել դատավարության ընթացքում

Դինքի սպանության գործով դատական գործընթացն սկսվել է 2007 թ․ ապրիլին, և առաջին դատական նիստը տեղի է ունեցել 2007 թ․ հուլիսի 2-ին, այդ ժամանակ Ստամբուլի Բեշիքթաշ գավառում գտնվող 14-րդ քրեական դատարանում։

Առաջին փուլում իրականացվել 18 մարդու դատաքննությունը, որոնցից 12-ը կալանավորված էին։ 2008 և 2009 թ․ պատրաստված կից հայցերով մեղադրյալների քանակը հասել է 20-ի։

Այդ գործով դատական վճիռը հրապարակվել է 2012 թ․ հունվարին։  Ամբաստանյալներից Յասին Հայալը ցմահ բանտարկվել է՝ «ծրագրված սպանության դրդելու» հիմքով։ Էրհան Թունջելն էլ 10 տարի 6 ամիս բանտարկության է դատապարտվել և պատիժը կրելու կալանատանը։ Յասիլ Հայալը դատական գործընթացի ամբողջ ընթացքում հասարակության կողմից հայտնի որոշ այլ մարդկանց էլ է սպառնացել։ Օգյուն Սամասթը հանցագործության ժամանակ 17 տարեկան էր, ինչի պատճառով դատվել է դեռահասների գործերը քննող դատարանում։ Սամասթը 2011 թ․ հուլիսին հրապարակված վճռով «ծրագրված մարդասպանության» և « առանց թույլտվության զենք կրելու» մեղադրանքների պատճառով ազատազրկվել է 22 տարի 10 ամիս։ Սակայն հիմնական գործով բոլոր ամբաստանյալների վրայից հանվել է «զինված ահաբեկչական խմբավորման անդամ» լինելու մեղադրանքը։

Դինք ընտանիքի փաստաբան Ֆեթիյե Չեթինը վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է․ «Սպանությունից հետո անցել է հինգ տարի։ Հրանտ Դինքը ի՞նչ կասեր այդ վճռի մասին՝ «Մեզ հետ կատակ են անում»։  Ամենամեծ կատակը ամենավերջում էր պահված։ Փաստորեն ստացվում էր, որ Հրանտ Դինքը պլանավորված գործողություններով չէ, որ սպանվել էր, այլ՝ 3-5 հոգեկան անհավասարակշիռ մարդու կողմից։ Հանցախումբ չկար։ Սրան արդեն չէինք սպասում»։

Ստամբուլի 14-րդ քրեական դատարանի վճիռը բողոքարկվեց վերաքննիչ դատարանում։ 2013 թ․ մայիսին վերաքննիչ 9-րդ քրեական դատարանը «խմբավորման» մասին արդարացման վճիռը չեղարկեց և մեղադրյալներին ոչ թե «զինված ահաբեկչական կազմակերպության», այլ «հանցագործություն անելու նպատակով կազմված խմբավորման» անդամ լինելու հիմնավորմամբ վերստին դատելու որոշում կայացրեց։ Այդ վճռից հետո սույն գործով լսումները վերսկսվեցին։

Ստամբուլում շարունակվող հիմնական դատական գործին կից՝ Սամսունում և Տրապիզոնում էլ ոստիկանության և ժանդարմերիայի պաշտոնյաների նկատմամբ տարբեր հարցաքննություններ և դատական գործընթացներ սկսվեցին։ Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Հրանտ Դինքի սպանության հետաքննության հանձնաժողովի արած հետազոտության արդյունքում տեսակետ է հրապարակվել, թե Տրապիզոնի և Ստամբուլի անվտանգության աշխատակիցները անտարբերություն են ցուցաբերել։

Ինչպե՞ս հասան վերջին դատական գործընթացին

Սպանությունից անմիջապես հետո պնդումներ եղան, թե հանցագործությունից առաջ ազգային անվտանգության որոշ աշխատակիցներ տեղյակ են եղել Դինքին սպանելու մտադրության մասին։ Առաջ է քաշվել այն տեսակետը, ըստ որի՝ ամբաստանյալներից Էրհալ Թունջելը 2006 թ․ փետրվարին Յասին Հայալի՝ Դինքին սպանելու պլանների մասին հաղորդվել է Տրապիզոնի ոստիկանության գլխավոր բաժանմունք, որից հետո՝ Անվտանգության գլխավոր տնօրինություն և Ստամբուլի ոստիկանություն։ Այդ զարգացումներից հետո Ներքին գործերի նախարարությունը Դինքի ընտանիքի բողոքի ու մամուլում հրատարակված լուրի հիման վրա հետաքննությունն է սկսել։ Սակայն բարձրաստիճան ոստիկանական և ժանդարմերիայի պաշտոնյաների նկատմամբ հետաքննություն սկսելու թույլտվություն երկար ժամանակ չէր տրվում։

Բացի այդ՝ դատական գործով Ստամբուլում գտնվող պաշտոնյաներին, որպես վկաներ լսելու պահանջը չընդունվեց, դրանց մեջ էր նաև այդ ժամանակվա Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթթին Ջերրահը։

Դինքի ընտանիքը, չնայած դատական գործընթացի շարունակվելուն, հայցն ուղարկել էր Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանության դատարան։

Եվրոդատարանն այդ դիմումի մեջ առկա «ներքին իրավական ճանապարհներն սպառված են» պնդմանն է հղում տալիս և վարույթ ընդունում գործը։ 2010 թ․ փետրվարին սպանության մեջ պետական պաշտոնյաների դերի վերաբերյալ «ներգործուն հետաքննություն» իրականացնելու վճիռ կայացվեց։

2013 թ․ ապրիլին դատական համակարգում կատարված փոփոխությունների շրջանակներում թույլատրվեց հետաքննություն անցկացնել այն գործերում, որոնց համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել էր «ներգործուն հետաքննություն իրականացնել»։ Կրկին հետաքննություն սկսվեց, սակայն դատախազության և պաշտպանական գրասենյակների փոխադարձ առարկություններով գործընթացը ձգձգվեց։

Ի վերջո Արդարադատության նախարարության՝ 2014 թ․ կեսերին ընդունած որոշումով ոստիկանության և ժանդարմերիայի անվտանգության պաշտոնյաների վերաբերյալ դատական գործընթաց սկսելու ճանապարհը բացվեց։

2015 թ․ էլ տարբեր գավառներում իրականացվող պետական պաշտոնյաների վերաբերյալ բացված գործերի հետաքննությունները մեկտեղվեցին Ստամբուլում։

Ինչե՞ր են տեղի ունեցել Հայալի, Թունջելի և Սամասթի երկրորդ դատական գործի ընթացքում

Այդ ընթացքում նշվել է, որ «մեղադրական ակտերի ամբողջականության պահպանման, դատավարական տնտեսության և բացված դատական գործերի առաջընթացի» հիմնավորմամբ հիմնական գործից առանձնացվել են  պետական պաշտոնյաների 9 դատական գործեր։ 9 ամբաստանյալի, այդ թվում՝ Էրհան Թունջելի, Յասին Հայալի և Օնգյուն Սամասթի վերաբերյալ վճիռը կայացվել է 2019 թ․ օգոստոսին։

Ստամբուլի 14-րդ քրեական դատարանը  Էրհան Թունջելին դատապարտել է 99 տարի 6 ամիս, Յասին Հայալին՝ 7 տարի 6 ամիս, Օգյուն Սամասթին՝ 2 տարի 6 ամիս բանտարկության։ Էրհան Թունջելը դատավճռից անմիջապես հետո բանտ է ուղարկվել։ Երկու մարդ արդարացվել է, մյուս 4 ամբաստանյալներն էլ ազատազրկվել են տարբեր պատժաչափերով։

Կայացված դատավճռի մեջ նշվում էր, որ  դատական գործի շրջանակներում քննվել են 2004 թ․ հոկտեմբերի 24-ին Տրսպիզոնում գտնվող  «McDonalds»-ի պայթյունը, 2007 թ․ հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանությունը և 2007 թ․ հունվարի 24-ին Օրհան Փամուքին ուղղված սպառնալիքները։ Վճռում ասվում է․ «Յասին Հայալի կողմից քաղաքական դրդապատճառներով հանցագործություն կատարելու համար հիմնված կազմավորումը  ժամանակի ընթացքում վերածվել է մի կառույցի, որը մյուս ամբաստանյալների մասնակցությամբ շարունակ կատարել է անհայտ տեսակի և քանակի հանցագործություններ, նաև վերածվել է հիերարխիկ համակարգով աշխատող և աշխատանքի բաժանման վրա հիմնված կազմակերպության»։ Ամբաստանյալներից Էրհան Թունջելն էլ «Ծրագրված և պայթուցիկի գործածումով կանխամտածված սպանության, գույքին վնաս հասցնելու, զինված հանցավոր խմբի անդամ լինելու և կանխամտածված սպանությանն աջակցելու» մեղադրանքով դատապարտվել է 99 տարի 6 ամիս բանտարկության։

Հայտնել են, որ ամբաստանյալներից Օգյուն Սամասթը խմբավորման ղեկավար Յասին Հայալի կազմած հանցավոր խմբի անդամ է եղել և այդ խմբավորման համար գործեր արել։

Որո՞նք են պետական պաշտոնյաների հետ կապված պնդումները

Սպանությանը հաջորդած տարիներին տարբեր մեղադրանքներ էին առաջադրվել պետական պաշտոնյաներին՝ այն հիմնավորմամբ, թե նրանք անտարբերություն են ցուցաբերել Դինքի հասցեին հնչեցված սպառնալիքների նկատմամբ և նույնիսկ նրա սպանության վրա աչք փակել։ Նրանց նկատմամբ անցկացվել են տարբեր հետաքննություններ:

Հրանտ Դինքի սպանության օրը «Ակօս» շաբաթաթերթում լույս տեսած նրա վերջին հոդվածում Դինքը գրել էր, որ թուրքական քրեական օրենսգրքի խնդրահարույց 301-րդ հոդվածով «թրքությունը վիրավորելու» մեղադրանքից հետո տարբեր ապառնալիքներ էր ստանում, և իր հոգեվիճակը նմանեցրել էր «աղավնու տագնապի»։

Դինքը դատապարտվել էր 301-րդ հոդվածով, որով վճռված նրա 6-ամսյա կալանավորումը հետաձգվել էր։ Նա պատրաստվում էր այդ որոշումն ուղարկել Մարդու իրավունքերի եվրոպական դատարան։

Հրանտ Դինքը, սպանվելուց կարճ ժամանակ առաջ հաղորդել էր, որ 2004 թ․ Թուրքիայի առաջին կին ռազմական օդաչու Սաբիհա Գյոքչենի հայկական ծագում ունենալու մասին «Ակօս»-ում հրատարակված իր հոդվածից հետո ժամանակի Ստամբուլի փոխքաղաքապետ Էրգյուն Գյունգյորն իրեն գրասենյակ է կանչել, ձեռքի տակ եղած փաստաթղթերով հանդերձ։ Դինքը նշում, էր որ այդ ժամանակ սենյակում կային մեկ կին և երեք տղամարդ․ «Ես նրանց հիշեցրեցի փաստաթղթերի մասին և տվեցի։ Արդեն իսկ խոսակցության բովանդակությունից պարզ էր, թե ինչ նպատակով են ինձ այնտեղ կանչել։ Չափս պետք է իմանայի․․․ ուշադիր պետք է լինեի․․․ հակառակ դեպքում լավ չէր լինելու»։ Նախկին քաղաքապետ Գյունգյորը ավելի ուշ՝ 2014 թ․, դատախազությունում տված ցուցմունքում նշել է, որ Դինքին այդ հանդիպման ժամանակ չեն սպառնացել, նա զգուշացվել է «հասարակական վրդովմունք չառաջացնելու» համար։

Ավելի ուշ վերաբացված դատական գործի ընթացքում՝ 2017 թ․ փետրվարին, նախկին քաղաքապետ Գյունգյորին և Ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաներին որպես վկա լսելու պահանջը մերժվեց․ ենթադրվում է, որ այդ պաշտոնյաները մասնակցել են հանդիպմանը։

Պետական պաշտոնյաների դերի մասին ամենալուրջ պնդումները առաջ են քաշվել սպանությունից անմիջապես հետո։

Հեռուստաալիքներից մեկով ցուցադրվել է նկար, որտեղ Սամասթը որոշ ոստիկանների հետ ծիծաղում է Թուրքիայի դրոշի առջև։ Այդ ոստիկանները ներկայում հիմնական գործի ամբաստանյալների շարքում են։

Բացի այդ՝ որոշվել է, որ դատական գործի կարևոր անուններից Էրհան Թունջելը 2006 թ․ փետրվարին ոստիկանությանը հաղորդել է, որ Յասին Հայալը սպանելու է Դինքին, որի մասին հաղորդվել է Տրապիզոնի ոստիկանություն, անվտանգության գլխավոր վարչություն և Ստամբուլի ոստիկանական բաժանմունք։ Դատական գործընթացում, սպանության դրդած Յասին Հայալի փեսան՝ Ջոշքուն Իղջին, որը, ինչպես հետո պարզվեց, ժանդարմերիայի ազգային անվտանգության աշխատակից էր, առաջ է քաշել այն տեսակետը, թե 2006 թ․ հուլիսին Դինքի սպանության ծրագիրը հաղորդվել է ժանդարմերիայի անվտանգության աշխատակիցներին։

Դինքի ընտանիքի փաստաբաններն անհրաժեշտ էին համարում հետաքննության մեջ ներառել նաև բարձրաստիճան պետական պաշտոնյաների և այդպես ընդարձակել  գործը, սակայն դատական գործը հազիվ հնարավոր եղավ վերաբացել 2015 թ․։ Թվում է, թե այս դատական գործը շուտով կհանգուցալուծվի, սակայն 6 տարի հետո անգամ այն դեռ շարունակվում է։

https://www.bbc.com/turkce/haberler-turkiye-51167302

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net