Հասկացե՛ք, մեզ համախմբվել է պետք, պառակտումն արդեն իսկ կործանման է տանում մեզ. Երվանդ Ազատյան (տեսանյութ)

121

«Հայաստանն այսօր փշրված է, ու եթե շարունակվի սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների բաժանումը, Հայաստանն  առաջ չի կարող գնալ: Այս բոլորը երկրորդական են, երկիրն է վտանգված: Երկիրը քայքայված է, դիվանագիտություն, տնտեսություն չունենք: Հենց որ համավարակի վտանգն անցնի, ու ճանապարհները բացվեն, մեծ թվով մարդիկ  արտագաղթելու են Հայաստանից: Այս խնդիրների մասին պետք է մտածել»,- Azgonline.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց  ամերիկաբնակ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, վերլուծաբան Երվանդ Ազատյանը:

Նա համոզված է, որ մենք շատ լավ դիվանագետներ ունենք, օրինակ՝ Էդվարդ Նալբանդյանը, Վարդան Օսկանյանը միջազգային մակարդակի դիվանագետներ են, պետք է նրանց ներուժն օգտագործել: Եվ, առհասարակ, բոլոր ոլորտներում պետք է համախմբվել, նախկիններ-ներկաներ բաժանմանը վերջ տալ ու  ազգային, պետական շահն ամեն ինչից վեր դասելով՝ խալեմիտ քայլերով փորձել դուրս գալ այս օրհասական վիճակից:

Տարածաշրջանը չի հանդարտվում, ընդհակառակը, նոր, ավելի ծավալուն պատերազմի սպառնալիքն օր օրի մեծանում է, իսկ մենք, փոխանակ, մեր ուժերը համախմբելու՝ շարունակում ենք տրվել ատելության, պառակտման, հակազգային քարոզներին ու տրամադրություններին:   

Մեր օրակարգային խնդիրները պետք է լինեն՝ երկրի տնտեսությունը ոտքի հանելը, բանակը կարգի բերելը, դիվանագիտությունը զարգացնելը: «Երկիրը ձեռքից գնում է, բոլորի ներուժը պետք է օգտագործվի, եթե նույնիսկ «նախկինների» մեջ սրիկաներ կան, անգամ նրանք են մեզ պետք: Բոլորի, այդ թվում՝ Սփյուռքի խելքը, ուժը, կարողությունները պետք է ի մի բերել և կենտրոնացնել մեկ օրակարգի շուրջ: Իշխանությունները, փոխանակ այս կարևորագույն խնդիրների մասին մտածեն, ընդդիմությանն են վարկաբեկում, երկիրը պառակտման տանում»,- նկատում է Երվանդ Ազատյանը:

Եվրոպան ու ԱՄՆ-ը դիվանագտական նոր երկխոսությունների առիթ են ստեղծել. Բայդենն է ԱՄՆ-ի նախագահը, իսկ նրա իշխանությունը դրական վերաբերմունք ունի Արցախի, ռազմագերիների, զոհերի խնդիրների նկատմամբ: Փոխանակ մեր դիվանագետները այս հնարավորությունից օգտվեն ու Հայաստանի շահերն առաջ տանեն, միմյանց խեղդելով, վարկաբեկելով  են զբաղված: Մենք լայն հնարավորություն ունենք Չինաստանի հետ համագործակցելու, ինչո՞ւ չօգտագործեցինք Չինաստանից զենք բերելու հնարավորությունը: Այսօր մեզ  զինվորական իշխանություն է պետք, որը,  ռազմական, դիվանագիտական, տնտեսական ճանապարհները հստակ պատկերացնելով, նոր կորուստների ու սպառնալիքների վտանգը կկանխի:  

Հարցազրույցի տեսագրությունը՝ ստորև.