Թրամփը հրաժարվել է սեփական կուսակցություն ստեղծելու ծրագրերից

102

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկրում չի ստեղծի երրորդ խոշոր քաղաքական կուսակցությունը, որը կմրցի դեմոկրատների ու հանրապետականների հետ: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով նախկին նախագահի նախընտրական շտաբի խորհրդական Ջեյսոն Միլերին:

Մեկնաբանելով Թրամփի կողմից նոր կուսակցություն ստեղծելու հավանականության մասին լուրերը՝ նա նշել է, որ Սպիտակ տան նախկին ղեկավարը «հասկացրել է, որ իր նպատակն է Սենատը և Ներկայացուցիչների պալատը վերադարձնել հանրապետականներին 2022-ին»: Միևնույն ժամանակ, Միլերը շեշտել է, որ այս առումով «այդ ջանքերից դուրս» ոչինչ չի նախատեսվում:

Wall Street Journal-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ ավելի վաղ հայտնել էին, որ վերջին օրերին Թրամփն իր գործընկերների հետ իբր քննարկել է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու հնարավորությունը: Ենթադրաբար, նա ցանկանում էր այս միավորումն անվանել Հայրենասիրական կուսակցություն: