Հայության Մեծ երազն են փորձում փլուզել

93

Հրեաները 2000 տարի իրենց տոն օրերին միմյանց մաղթում էինՙ «Հաջորդ տարի Երուսաղեմում»: Ի վերջո 1948 թ.ին նրանք ստեղծեցին իրենց պետությունը գերազանցապես պաղեստինցիներով բնակեցված տարածքի փոքր մասի վրա, սակայն չհասան Երուսաղեմին, Հին Երուսաղեմին: Եվ միայն 19 տարի հետո, 1967-ի Յոմ Քիփուրի տոնական օրերին, նրանց հաջողվեց նվաճել նաեւ Երուսաղեմը, որը հռչակեցին իրենց մայրաքաղաք:

1965 թ.ին, Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին, Բերյութից Գերսամ Ահարոնյանն իր «Մեծ երազի ճամբուն վրայ» գրքով հայությանը կոչ արեց այնուհետեւ ամեն Ամանորի միմյանց բարեմաղթել «Գալ տարի Վանի մէջ», որով գործնականում սկիզբ առավ հայկական պահանջատիրությունը:

Դեռ վերջերս, 44-օրյա կործանիչ պատերազմից եւ Շուշին դավադրաբար կորցնելուց հետո, մեր երիտասարդ գործիչներից Արմեն Աշոտյանը կոչ արեց բոլորիս Նոր տարվա որպես բարեմաղթանք կրկնելՙ «Հաջորդ տարի Շուշիում»:

Իսկ ընդամենը երկու օր առաջ Հայոց բարձրագույնՙ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյան կոչեցյալը Շուշին հայտարարեց ադրբեջանական, քանի որ, իբր, սովետական շրջանում այնտեղ բնակվողների 90 տոկոսը ազերիներ են եղել:

Մարդու գլխում ուղեղի փոխարեն ի՞նչ լցված պետք է լինի, որպեսզի ներկայումս ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո գտնվող հայկական քաղաքը ադրբեջանապատկան հռչակի, մի բանՙ որը նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթուղթն անգամ չէր նախատեսում: Այդ ի՞նչ տրամաբանությամբ, ավելի շուտՙ տգիտությամբ, մեծամասնություն է վերագրվոււմ դեռեւս չկայացած մի ժողովրդի, որը բերվել է այնտեղ 1920 թ. մարտի 22-26-ի ավելի քան 20000 հայերի կոտորածից, էթնիկ դաժան զտումներից հետո: Մեկը չկա՞ր այդ անձի մոտ, ուղեղ ունեցող մի մարդ, որը նրան դեմ տար բնիկ շուշեցի Լեոյի 400 էջանոց աշխատությունը Շուշիի հայկականության, նրաՙ Այսրկովկասում 3-րդ տպարանը ունենալու, ծխական, թեմական, ռեալական, օրիորդաց մի շարք դպրոցներ, երաժշտանոց, թատրոն, հայկական շուրջ 15 պարբերական ունենալու մասին, այդ թվումՙ Գավառական դպրոցի, որի տնօրենն է եղել Պերճ Պռոշյանը, իսկ ուսուցիչներՙ Մատինյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը եւ ուրիշ երախտավորներ: Ավելի քան 10 կրթօջախներ, որոնց դիմաց ադրբեջանցիք ունեցել են ընդամենը 1 դպրոց, այն էլՙ ռուս-ադրբեջանական…

Ո՞ր երկրի վարչապետն է նա, Ադրբեջանի՞, որի նախագահ Ալիեւն իր ներկայությամբ Ղազանչեցոց եկեղեցին պղծելուց, իրենց դրոշը հրապարակում տնկելուց հետո կրկին հայտարարեցՙ «Շուշա բիզիմ դիր», իսկ այս կողմից Նիկոլը պատասխանում է. «Շուշի սիզին դիր»: Ո՞վ է նրան հանձնել, իր ասելովՙ «տխուր», «մոլախոտերով լեցուն» քաղաքը, որ հիմա զիջում է թուրքին: Դավաճանությունը էլ ուրիշ ի՞նչ գույն, թույն ու բույր է ունենում…

Շուշին մեր հայրենատիրության սիմվոլն է, ինչպես Վանը: Շուշին ազատագրել էինք եւ դա սփոփում էր մեզ, հույս տալիս, որ մի օր էլ Վանը կազատագրենք: Զրկվելով Շուշիիցՙ մենք կորցնում ենք նաեւ Վանը ազատագրելու հույսը: Եվ հենց դա՛ էր Էրդողանի նպատակըՙ ուղիղ եւ անմիջական մասնակցելով վերջին պատերազմին, ուժերի հարաբերակցությունը թեքելով ազերիների կողմը: Դա հեռուն, շատ հեռուն գնացող քայլ էր, որը արձագանքն էր միաժամանակ Մ. Նահանգների կոնգրեսի որոշմանըՙ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Թուրքական տեսակետից այդ որոշումը միջամտելու քայլ էր Թուրքիայիՙ այսպես կոչված ներքին գործերին, նախաքայլՙ հետագա հատուցումների, ինչպես նմանատիպ մյուս որոշումներըՙ շուրջ 23 երկրների խորհրդարանների կամ կառավարությունների կողմից առնված: Ավելինՙ փակ սահմանները բացելու, Մեղրին առեւտրատնտեսական ճանապարհային հանգույցի վերածելու առաջարկը, որն անպայման վերջում ուղեկցվելու է Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու նախապայման-պահանջով, ավելորդ եւ անիմաստ է դարձնելու նաեւ մեր ժողովրդային դիվանագիտության, լոբբիստական խմբերի, ժողովրդային զանգվածների եւ անհատների հետագա ջանքերը Ցեղասպանության ճանաչման եւ հատուցման պահանջ ներկայացնելու ուղղությամբ, զրոյացնում Հայ դատի հետապնդման նպատակն ու նշանակությունը:

Ու տակավինՙ համայն հայությանը միավորող պահանջատիրությունը հարվածի տակ դնելու, ազգային ներքին միասնականությունը փլուզելու այս դավադրությունը, որը ծրագրվել է Անկարայի կողմից, որը գործադրվել եւ գործադրվում է թուրք-ադրբեջանական ռազմական ուժերի միջոցով եւ,- գրիչս այստեղ առաջ չի գնում,- հաստատվում է Երեւանում իշխանությունը զավթած խմբակի ու նրա առաջնորդի կողմից, պետք է կտրականապես մերժվի համայն հայության կողմից: Տաս միլիոն հայությանը տարանջատելու, օտարացնելու ծրագիրը պետք է տապալվի:

Դավադրության ու դավաճանության դեմ պայքարը պետք է շարունակվի:

Ուրեմն բոլորս կրկնենքՙ «Գալ տարի Շուշիի մեջ»:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ