Երկակի խաղը կամ հերթական պարտության ճանապարհը

132

Շատ քաղաքական գործիչներ Հայաստանում և Ռուսաստանում 2018 թվականին կանխատեսում էին, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների արդյունքում՝ ՀՀ ում իշխանություն ստացավ արևմտամետների խմբակը։
Սրա մասին խոսելով՝ կարծիքի հեղինակները մատնանշում էին ՀՀ նորընտիր կառավարության կադրային քաղաքականությունը, որի արդյունքում՝ Հայաստանում պատասխանատու պաշտոններ ստացան, այսպես կոչված, Սորոսի հիմնադրամի կողմից վերապատրաստված կամ այդ հիմնադրամի ծրագրերում ակտիվորեն ներգրավված անհատները։ Նշենք, որ այս հիմնադրամի «հաճախորդները» վաղուց հայտնի են իրենց հակառուսական տրամադրություններով և հակառուսական ծրագրերում ներգրավվածությամբ։
Հիմնադրամի գործունեությունը ևս ուղղված է ռուսաական շահերի դեմ։ Հաճախ ակնարկվում կամ ուղղակի ասվում էր, որ այս հիմնադրամը՝ իշխանության մեջ, ունի իր առանձին բաժինը կամ քվոտան։
Չնայած ՀՀ նորաթուխ իշխանությունների բանավոր հավաստիացումներին, Ռուսաստանի իշխանամերձ շրջանակները՝ լրագրողները, անալիտիկները և քաղաքական գործիչները շարունակում էին պնդել, որ Ռուսաստանը կորցրել է իր հիմնական հենակետը Անդրկովկասում։ Այդ պնդումները՝ ինչպես հետագայում ապացուցվեց, անհիմն չէին։
Օրինակ, կարելի է հիշել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանին՝ Մոսկվա կատարած առաջին այցի ժամանակ, ուղեկցում էր տարածաշրջանի ամենահայտնի արևմտյան քարոզիչներից, հակառուսականության հիմնական ջատագովներից մեկը՝ «Ալիք Մեդիայի» տնօրեն Խառատյան Արսենը։ Կամ եթե պարզապես նայենք իշխող ՔՊ վարչության կազմում ընդգրկված մարդկանց անցած ուղուն, կհասկանանք, որ նրանց մեծամասնությունը իրենց հասարակական կարիերան սկսել է հենց հակառուսական ցույցերից և ակցիաներից։
Թվում էր՝ նոր ավարտված պատերազմից և Ռուսաստանի տարածաշրջանային դերի բարձրացումից հետո, Հայաստանում ապրող գրեթե ոչ մեկ այլևս տուրք չի տա հակառուսական տրամադրություններին կամ գոնե հոգևարքի մեջ գտնվող իշխանությունները, տեսնելով իրենց արկածախնդրությունների արդյունքները և օգտագործելով բանականության վերջին նշույլները, կվերանայեն իրենց քաղաքականությունը։ Բայց։ Պատերազմից հետո իշխանական շրջանակները սկսեցին քողարկված տարածել հակառուսականության նոր ալիք և հակառուսական քաղաքականություն։ Դրա մասին վկայող բազմաթիվ փաստեր կան, բայց դրանցից ամենաթարմը երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ընտրություններն են, որի արդյունքում ՀՀ ԲԴԽ անդամ ընտրվեց ևս մեկ հայտնի սորոսական և ռուսաֆոբ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայր՝ Դավիդ Խաչատրյանը։ Այս լուրը չեմ մեկնաբանի՝ հնարավորություն տալով ընթերցողին ծանոթանալ այս անձի նախկին գործունեությանն ու տարածած թեզերին։
Հակառուսականության նոր դրաևորումները կործանիչ հարված են լինելու մեր՝ առանց այդ էլ անդունդի եզրին կանգնած պետության հիմքերին։ Առաջին հայացքից՝ իհարկե, տարօրինակ է ՀՀ իշխանությունների պահվածքը, բայց հակառուսականությունը նրանց կամ նրանց հովանավորների՝ իշխանությունը պահելու վերջին փրփուրն է, որից նրանք փորձում են կախվել։
Հայ հասարակությունը պետք է հստակ գիտակցի, որ տարածաշրջանում Ռուսաստանի այլընտրանքը ԱՄՆ-ն չէ, ոչ էլ՝ Եվրոպան։ Տարածաշրջանում մեր ռազմավարական դաշնակցի միակ այլընտրանքը Թուրքիան է՝ իր ամբողջատիրական ձգտումներով  ցեղասպան անցյալով ու ներկայով, Մեծ Թուրանի մասին երազանքներով։ Բավական է միայն հիշեցնել բոլորին, որ այդ տեսլականում մենք՝ որպես ժողովուրդ, գոյություն չունենք։ Եթե սա էլ չենք հասկանալու, ուրեմն մենք որևէ դաս չենք քաղել Հայոց պատմությունից ու հատկապես, դրա ամենաողբերգական էջերից մեկից՝ հայոց ցեղասպանությունից։
Առողջ եղեք ու պահպանե՛ք սթափությունը։

Էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ