Քաղաքագետ. Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս գալու երեք ուղի ունի

57

Ցավալի է, որ Հայաստանի առաջնորդը հնագույն հայկական Շուշի քաղաքի մասին խոսում է ժողովրդագրական փոփոխությունների համատեքստում, որոնք տեղի են ունեցել ջարդերի արդյունքում 100 տարի առաջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը, հավանաբար, փորձում է փաստարկներ առաջ քաշել՝ ելնելով նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունից հետո իր վախերից:

«Ամեն դեպքում, յուրաքանչյուր արցախցու համար ցավալի է նման խոսքեր լսել հատկապես պետության ղեկավարից: Որքան էլ տարօրինակ է, Շուշիի մասին Փաշինյանի հայտարարությունը դրական արդյունք տվեց: Հանրությունը սկսեց խորանալ պատմական փաստերի մեջ, հետաքրքրվել եւ վերագնահատել իր ժառանգությունը»,-նշեց նա:

Պողոսյանը հիշեցրեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն ավելի քան 100 տարի հայերի ոչնչացման քաղաքականություն են վարում, իսկ այսօր այդ քաղաքականությունը բանալի է մեծ Թուրանի ստեղծման համար, ինչի մասին խոսել է Էրդողանը:

«Անցած տարի մեր թշնամիները 5-6 զորավարժություն անցկացրեցին: Ցավոք, մեզ համար դա դաս չեղավ: Մենք մեր դաշնակիցների հետ պետք է հասկանանք, որ պետք է միասնական աշխատենք, զորավարժություններ անցկացնենք, վերականգնենք պաշտպանական ներուժը: Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս գալու երեք ուղի ունի. կամ պետք է գիտակցի իր դերն ու կոկորդին ոսկոր դառնա Թուրանի ստեղծման ճանապարհին, կամ թուրքական վիլայեթ դառնա կամ էլ պարզապես անհետանա: Մեր փոխարեն ոչ ոք տարածքներ չի վերադարձնի: Վերջին պատերազմը ցույց տվեց, որ մենք ինքներս ենք լուծում մեր խնդիրները»,-նշեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ռազմագերիներին, նրա խոսքով, կա երկու ուղի. հայկական կողմի մոտ ավելի շատ թվով ադրբեջանցի գերիներ, որպեսզի Բաքուն հետաքրքրված լինի փոխանակմամբ, կամ էլ 10 մլն հայերի ռեսուրսների մոբիլիզացում, որպեսզի միջազգային հարթակում Ադրբեջանը բախվի էլ ավելի մեծ ճնշման:

«Ամեն դեպքում այլ երկրներից աջակցություն ստանալու համար պետք է ինչ-որ բան առաջարկել երկրներին, քանի որ ոչ ոք ոչինչ չի անի իր շահերից դուրս: Այդ ամենը ներկայիս իշխանություններն ունակ չեն  անել, նրանք չեն տիրապետում ո՛չ վիճակագրությանը, ո՛չ իրավիճակին: Իսկ գործընթացին չվնասելու համար լռելու կոչերը համոզիչ չեն: Իշխանության ղեկին նրանց մնալու ամեն օրվա հետ խորանում են խնդիրները անվտանգության ոլորտում: Իշխանությունները պետք է հեռանան հանուն հայկական շահերը, պետք է հեռանան գիտակցված, ոչ բռնի ճանապարհով: Այս մասին ասել են եւ՛ նախագահը, եւ՛ ընդդիմադիր գործիչները: Դա հանրությանը թույլ կտա իր մեջ ուժ գտնել՝ ձեւավորելու ժամանակավոր կառավարություն եւ միավորվելու: Իշխանությունները դեռ դա չեն անում, ինչը, հավանաբար, կապված է անձնական շահերի շրջանակում վախերի հետ»,-եզրափակեց Պողոսյանը:  

News.am