ՊՆ-ն, «Հայտեք»-ի հետ համատեղ, բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման նպատակով հայտարարում է մրցույթ

103

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաեւ զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:

ԱՏՄ խմբի մրցույթի գրանցման վերջնաժամկետը՝ 20/02/2021 թ.-ը ներառյալ։ ԱՏՄ մրցույթին գրանցված զորակոչիկները մինչև նշված ամսաթիվը պարտավոր են ներկայանալ տարածքային զորահավաքային ծառայություն և ստանալ մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ տեղեկանք։

Գրանցման կարգ

Անցկացման կարգ

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները գրանցվելիս՝

Առաջարկվող մրցույթներից ընտրում են ԱՏՄ խմբի համար կազմակերպվող մրցույթը

Նշում են իրենց մասնագիտական տվյալները ըստ 3 մասնագիտության՝ ծրագրավորում, կիբեռանվտանգություն կամ ցանցային ադմինիստրացիա

Կցում են անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ID քարտ կամ, վերջիններիս բացակայության դեպքում, ծննդյան վկայական), ռեզյումե և առկայության դեպքում` հավելյալ փաստաթղթեր (դիպլոմ, ատեստատ, հավաստագրեր)

Գրանցման մասին զորակոչիկը պարտավոր է տեղեկացնել իրենց հաշվառման վայրի տարածքային զորահավաքային ծառայություն (զինվորական կոմիսարիատ): Գրանցված մասնակիցները քննությունից առաջ պատասխան նամակով կամ հեռախոսազանգով տեղեկանում են քննության անցկացման տեղի, օրվա և ժամի մասին։

Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում զինվորական ծառայության նշանակվելու նպատակով անցկացվող ընտրությանը մասնակցելու նպատակով չեն կարող հաշվառվել`

պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,

ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները,

հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զինված ուժերի մասնագիտական ստորաբաժանումներում ծառայության նշանակվելու համար անցկացվող այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները: