Պարտվելով ունեցանք այնքան հերոսներ, որքան հաղթանակի պարագայում ունեցել ենք 26 տարվա ընթացքում

70

«Արցախի հերոս» բարձրագույն կոչում առաջին անգամ շնորհվեց 1997 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմի ավարտից ուղիղ երեք տարի անց: Մինչև 2020թ. սեպտեմբերն այդ կոչմանն արժանացան 28 հոգի, որոնցից 26-ը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման, հայրենիքի պաշտպանության և պետականաշինության գործում ունեցած բացառիկ ծառայությունների, իսկ երկուսը՝ ապրիլյան քառօրյայի ժամանակ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի մերձակա դիրքերը կյանքի գնով պաշտպանելու և հակառակորդի առաջխաղացումն այդ հարվածային ուղղությամբ կասեցնելու համար»,- գրել է գնդապետ Սենոր Հասրաթյանը :

Այնուհետև շարունակել է․

 Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած Արցախյան 3-րդ պատերազմի արդյունքում ստորագրելով «կապիտուլյացիոն» հայտարարություն և հակառակորդին հանձնելով մոտ 10 000քառ./կմ տարածք, Արցախի հերոսի կոչման արժանացան (եթե սխալվեմ, կներեք) 15 հայորդիներ: Որ երբևէ որևէ մեկը բարոյական իրավունք չունի կասկածի տակ առնելու մեր հերոս և, հատկապես, մարտիրոսված հայորդիների կատարածը և նրանց դրսևորած հայրենասիրութունն ու նվիրվածությունը, գոնե ինձ համար միանշանակ է: Սակայն, դրա հետ միասին, դժվար է համակերպվել այն իրողության հետ, որ մի քանի շաբաթվա ընթացքում պարտվելով և արդյունքում՝ ոչ մի բանի դիմաց հանձնելով ինչպես ազատագրված տարածքները, այնպես էլ նախկին ԼՂԻՄ տարածքի գրեթե կեսը, կարելի է ունենալ այնքան հերոսներ, որքան հաղթանակի պարագայում մենք ունեցել ենք 26 տարվա ընթացքում… Իսկ, եթե այս ամենին ավելացնում ենք նաև Հայաստանի ազգային հերոսների և բարձրագույն սպայական կոչումների արտահերթ շնորհման իրողությունները, ապա տպավորություն է ստեղծվում, որ մեք ունեցել ենք ոչ թե խայտառակ պարտություն, այլ «Մեծ հաղթանակ»: Ի՞նչ է սա, եթե ոչ կառավարման աբսուրդ…