Շնորհավոր տարեդարձդ, Մաեստրո

91

Այսօր մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100 ամյակն է։ Եթե ապրեինք այլ ժամանակներում, անկասկած, հոբելյանը մեծ շուքով կնշվեր, տարին կհայտարարվեր բաբաջանյանական։

Այսօր Քաղաքային պանթերոն՝ Առնո Բաբաջանյանի շիրմին են այցելել փոքրաթիվ մարդիկ, որոնց մեջ էին կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանն ու Արամ Սաթյանը։

«Մեր Առնոն․ նրա մասին մինչև հիամա այդպես ենք ասում։ Նա հանճար էր, հանճար՝ իր մարդ տեսակով, իր կոմպոզիտոր տեսակով, կատարող տեսակով։ Հրաշալի է, երբ մարդը գնահատվում է կենդանության օրոք։ Առնոն գնահատվեց, երբ դեռ ողջ էր։ Չկար մեկը, որ նրան չսիրեր ու չհարգեր»,- ասաց Արամ Սաթյանը։

Առնո Բաբաջանյանն ընդամենը 28 տարեիկան էր, երբ «Բալլադ հերոսական» ստեղծագործության համար արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1962 թվականին նա  Հայաստանի, իսկ 1971-ին՝  ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումներ  ուներ։

Աշխույժ, կյանքով լի, ազնիվ ու անկեղծ արվեստագետը, չնայած մաշեցնող ու տանջող հիվանդությանը, մինչև կյանքի վերջին օրն այդպիսին էլ մնաց։

Մարտին Վարդազարյանն ափսոսում է, որ Բաբաջանյանը չհասցրեց մեծակտավ գործեր ստեղծել, թեև, անկասկած, կհաջողեր նաև այդ ժանրում, իսկ այն, ինչ նա ստեղծել է՝ էստրադային երգեր, ռոմանսներ, դասական գործեր՝ դաշնամուրի, նվագախմբի համար, կինոերաժշտություն, ամրագրել են իրենց տեղը ազգային ու դասական երաժշտարվեստում։