Նրանք, ովքեր ցանկանում էին հաղթել Իրանին, խայտառակությամբ տապալվել են. Ռոհանի

87

Հունվարի 21-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին, նկատի ունենալով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, հայտարարել է, որ նրանք, ովքեր ցանկանում էին հաղթել իր երկրին, այժմ խայտառակ կերպով տապալվել են: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Նախագահն այս հայտարարությունն արել է մի շարք նախագծերի վիրտուալ բացման արարողության ժամանակ: Նա նշել է. «Ի վերջո, պարզվել է, որ այդ ահաբեկիչները հանցագործություն են գործել ամերիկացի ժողովրդի և ամբողջ աշխարհի դեմ»:

Տեսակոնֆերանսի ժամանակ Ռոհանին բացել է Պարսից ծոցում գտնվող Բիդ Բոլանդ գազի վերամշակման գործարանը, որը Մերձավոր Արևելքի ամենամեծ գործարաններից մեկն է: Նախագահը բարձր է գնահատել իրանցի ինժեներների և փորձագետների ջանքերը նավթավերամշակման գործարան կառուցելու ուղղությամբ: