Նիկոլ Փաշինյանը հենց այնպես «զուտ փողոցից» չի եկել. նման մարդկանց փնտրում էին. Ալավերդյան

113

Նիկոլ Փաշինյանի խոսքերն իր համոզմունքներն են, որոնք ձևավորվել են ոչ բավարար գիտելիքների և բավականին կասկածելի գաղափարախոսության վրա, որի մեջ ինքը կայացել է դեռ առաջին նախագահի ժամանակներից, համաձայն որի՝ Արցախը (Լ.ՏՊ-ի խոսքով՝ ԼՂ-ն) պետք է մնա Ադրբեջանի կազմում, սակայն ավելին բարձր կարգավիճակով, այսինքն՝ պետք է լիներ ոչ թե որպես ինքնավար մարզ, այլ՝ ինքնավար հանրապետություն, օրինակ՝ Նախիջևանի նման։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։ 

Ալավերդյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես «զուտ փողոցից» չի եկել, քանի որ նման մարդկանց փնտրում էին, աշխատանքներ էր տարվում մի քանի խմբերի հետ։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե թուրքական տարածքները տրվել են թուրքերին, Ալավերդյանը նշեց, որ դա վերջինիս համոզմունքն է և հետաքրքիր համարեց այն հանգամանքը, որ մեզ պարբերաբար հիշեցնում են, որ մենք վերադառնում ենք ԽՍՀՄ սահմաններին, մարդահամարին և պետք է հասկանալ՝ հիմա վերադառնում ենք ԽՍՀՄ, այդ թվում՝ Ադրբեջանը։

Ըստ Ալավերդյանի՝ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, որը պետք է արդեն մեղադրյալի կարգավիճակում լիներ, սակայն շարունակում է զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը, օգտագործում է բոլոր այն հիմնավորումները, որը կա ադրբեջանական մամուլում, իրենց պատմության դասագրքերում, ինչպես՝ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներն են քրեստոմատիկ իրականացվել։

«Դա նշանակում է, որ այստեղ կա շատ խորքային, գաղափարախոսական շեղում՝ ադրբեջանական քաղաքական մտքի և օգտագործվող բառապաշարն էլ այդտեղից»,- նշեց Ալավերդյանը՝ հավելելով, որ ազգային աղետը շատ ավելի ծանր է։

Նրա խոսքով՝ այսօր մենք ունենք այլ արժեհամակարգով կամ՝ չարժեհամակարգով ղեկավարվող անձինք, որոնց այսօր պետք է համոզենք, որ տվել են Ադրբեջանին որևէ միջազգային նորմով չպատկանող հողերը։ Ալավերդյանն ընդգծեց, որ միջազգային իրավունքի ճշգրիտ առումով այդ հողերը չեն պատկանում Ադրբեջանին և դա իմանալու համար լավ պատմաբան կամ իրավաբան պետք չի լինել։

Փաստինֆո