Երանի Հայաստան չգնար, գերի չընկներ…

71

Ազգային ժողովում հունվարի 20-ին Նիկոլ Փաշինյանի՝ գերիների մասին հայտարարությունն աղմուկ է բարձրացրել հանրության մեջ: «Հայաստանի Հանրապետությունից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում: Այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ Հայաստանի Հանրապետություն չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո»:

Հիմնական հակադարձումը, որ քննարկվում է նաեւ սոցիալական ցանցերում, սա է՝ Հայաստանի Հանրապետությունից երբեք այսքան շատ գերիներ չեն եղել Ադրբեջանում, եւ գերիների մեծ մասը դեռեւս վերադարձված չէ, ուրեմն անլուրջ է խոսել գերիների հարցով ձեռքբերումների մասին: Նիկոլ Փաշինյանն ինքն էր մոսկովյան վերջին հանդիպումից հետո խոստովանել, որ իրեն չի հաջողվել լուծել գերիների հարցը, ուստի հակասություն է առաջանում…

Վերջին հայտարարությունից վրդովված են նաեւ գերիների հարազատները:

Գերեվարված Մարալ Նաջարյանի քույրը՝ Լիբանանում բնակվող Լինա Նաջարյանը, խիստ մտահոգ է, որ Հայաստանի կառավարությունը ոչինչ չի կարողանում անել քրոջը վերադարձնելու ուղղությամբ: Հենց իր՝ Լինայի հեռախոսին են ադրբեջանցիները քրոջ գերեվարման առաջին օրերին հաղորդագրություն ուղարկել, երբ նա փորձել է կապ հաստատել քրոջ հետ: Հաղորդագրությունը ռուսերեն էր՝ «Քո քույրը սպանված է»: Նոյեմբերի 11-ին գերի ընկած Մարալից նրա ընտանիքը մինչեւ այս տարվա հունվարի սկիզբը ոչ մի լուր չուներ, միակ տեղեկությունն այդ հաղորդագրությունն էր: Ադրբեջանը հունվարի սկզբին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դիմումին ի պատասխան տեղեկացրել է, որ Մարալ Նաջարյանը ողջ է, Բաքվում է:

«Ուրիշ տեղեկություն այս պահին չկա, լուր չունենք նաեւ Մարալի առողջական վիճակի մասին, Կարմիր խաչին չի հաջողվում տեսակցել Մարալին, քանի որ Բաքուն խոչընդոտներ է ստեղծում»,- «Ալիք մեդիա»-ին հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատուն:

Գրասենյակը զբաղվում է պատերազմի ավարտից հետո գերեվարված երկու սփյուռքահայերի՝ Մարալ Նաջարյանի եւ Վիգեն Ուլջեքջյանի հարցով: Նրանք Արցախ էին տեղափոխվել մշտական բնակության, սակայն ընդամենը մի քանի օր էին ապրել այնտեղ. սկսվել էր պատերազմը, ու վերադարձել էին Հայաստան: Պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 11-ին, գնացել էին վերցնելու իրենց իրերը եւ անհայտ հանգամանքներում Գորիս-Բերձոր ճանապարհին գերեվարվել:
Ըստ տեղեկությունների՝ Վիգենն ու Մարալը պետք է ամուսնանային, նոր կյանք սկսեին Արցախում. նրանք Լիբանանում էին թողել իրենց դժվար կյանքը, Բեյրութի նավահանգստի աղետը արագացրել էր այնտեղից վերջնական հեռանալու եւ հայրենիքում հաստատվելու որոշումը: Վիգենն ավելի վաղ էր տեղափոխվել Հայաստան, իսկ նավահանգստի դեպքից հետո նրան էին միացել Մարալն ու վերջինիս մեծ քույրը՝ Անի Նաջարյանը: Միասին ընտրել էին Բերձորի տարածաշրջանը, խաղաղ ու բարեկեցիկ կյանքի հեռանկարներ ունեին:

«Երանի քույրս Հայաստան չգնար, այս պատմությունն էլ չէր գա մեր ընտանիքի գլխին»,- «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասաց Լինա Նաջարյանը: Նա հիշում է, որ ցեղասպանությունից փրկված իրենց տատերն ու պապերը պատմում էին, թե թուրքերն ինչպես են վարվել հայերի հետ: «Մարալի գերեվարությունից հետո բոլոր այդ պատմություններն աչքիս առաջ են: Ամեն օր աղոթում ենք, որ քույրս շուտ ազատվի նրանց ձեռքից»,- ասաց նա:

Լինան նաեւ տեղեկացրեց, որ անպատասխան են մնացել Լիբանանի կառավարության՝ Ադրբեջանին հղած դիմումները, որոնցով Լիբանանը հետաքրքրվում է իր քաղաքացու ճակատագրով: Մարալ Նաջարյանը երկքաղաքացի է, ունի նաեւ լիբանանյան քաղաքացիություն: Հենց այս հանգամանքն օգտագործելով էլ «Բաքու թի վի»-ն օրերս տեսանյութ էր պատրաստել Մարալ Նաջարյանի մասին՝ ցույց տալով, որ Մերձավոր Արեւելքից նույնիսկ կանայք են մասնակցել պատերազմին: Մինչ այդ մեկ այլ տեսանյութով Ադրբեջանը Վիգեն Ուլջեքջյանին ներկայացրել էր որպես Մերձավոր Արեւելքից ահաբեկչի, որը «փողով կռվում էր Ադրբեջանի դեմ»:

«Մարալն ու Վիգենն Արցախ էին մեկնել Արցախի վերաբնակեցման ծրագրով»,- «Ալիք մեդիա»-ին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը՝ հիշեցնելով, որ վերաբնակեցման ծրագրի մասին Արցախի կառավարությունը հայտարարել էր պատերազմից մոտ մեկ ամիս առաջ. «Դա եղել է Արցախի կառավարության ծրագիրը, մեր գրասենյակն ընդամենը աջակցել է: Արցախի կառավարությունը պատրաստ էր ընդունելու 100-150 սփյուռքահայ ընտանիքի, Բեյրութի աղետից հետո այնտեղ լիբանանահայեր տանելու եւ վերաբնակեցնելու հարցն ավելի աշխուժացավ: Մոտ տասը-տասնհինգ լիբանանահայ ընտանիք օգոստոս-սեպտեմբերին մեր գրասենյակի միջոցով Արցախում բնակվելու հայտ էր ներկայացրել: Հիմնականում ընտրել էին Բերձորը, Շուշին, Աղավնոն եւ Քարվաճառը: Մի մասը հասցրեց գնալ, մի մասն արդեն պատրաստվում էր գնալու, արդեն մատնանշված էր՝ ուր պիտի գնային, չհասցրին: Այս ընտանիքը, որ գերի է ընկել, սեպտեմբերի 15-ին էր Արցախ գնացել, ժամանակավոր տեղավորվել էին Շուշիում, հետո գիտեին՝ այնտեղից ուր են գնալու, կեցավայրը նրանց ցույց էր տրվել»,- «Ալիք մեդիա»-ին հայտնեց Հովհաննես Ալեքսանյանը: Նա նշեց, որ սփյուռքահայերի կողմից Արցախում բնակվելու ցանկություն միշտ է եղել:

Սփյուռքի լուծարված նախարարությունում երկար տարիներ Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության պետ աշխատած Լեւոն Անտոնյանը, ի պատասխան «Ալիք մեդիա»-ի հարցման, ասաց. «Նախկինում Արցախում սփյուռքահայերի, այդ թվում՝ սիրիահայերի, լիբանանահայերի վերաբնակեցման քաղաքականություն չի տարվել եւ համապատասխան ինտեգրման ծրագրեր չեն եղել, քանի որ նման պահանջարկ չի եղել ո՛չ Արցախի ղեկավարության, ո՛չ էլ սփյուռքահայերի կողմից:

Արցախում ապրելու ցանկություն ունեցող սփյուռքահայերի միայն մասնավոր դեպքեր են եղել, եւ այն սփյուռքահայերը, որոնք ցանկացել են տեղափոխվել եւ ապրել Արցախում, իրենք են կապ հաստատել Արցախի ղեկավարության հետ ու համապատասխան հարցերը կարգավորել, նրանք մեր տեսադաշտում չեն եղել: Այնտեղ վերաբնակեցնելը նաեւ միջազգային հարաբերությունների առումով էր խնդրահարույց, ուստի մեր նախարարությունը եւ մեր գործընկեր կազմակերպությունները նման ծրագրեր չեն ունեցել»:

Հիշեցնենք, որ Արցախում լիբանանահայերի վերաբնակեցման ծրագրից անմիջապես հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ միջազգային կազմակերպություններին՝ Լեռնային Ղարաբաղում լիբանանահայ ընտանիքների հաստատման առնչությամբ՝ որակելով դա «ապօրինի վերաբնակեցում»։

Բաքուն պնդում էր, թե Հայաստանը, վարելով «ապօրինի վերաբնակեցման քաղաքականություն, փորձում է ավելացնել հայերի թվաքանակը գրավված տարածքներում»։ Ադրբեջանը միջազգային հանրությանը կոչ էր արել «գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու համար»։

Այս հայտարարությունից օրեր անց սկսվել էր պատերազմը, որի դադարեցման մասին համաձայնագրում առանձին կետ կար նաեւ ռազմագերիների եւ այլ ձերբակալված անձանց փոխանակման մասին: «Բայց իմ քույրը պատերազմի գերի չէ: Նա պատերազմից հետո է գերի ընկել, երբ այդ հայտարարությունն արդեն ընդունված էր: Սա խոչընդոտ է նրա ազատման համար, ինչպե՞ս պիտի փոխանակվի կամ ազատվի. որեւէ մեկը չկա, որ մեր հարցերին պատասխանի»,- իր մտահոգությունն է հայտնում Լինա Նաջարյանը:

Ալիք մեդիա