Ադրբեջանական բանակը դառնում է թուրքական բանակի մասնաճյուղ, ռուսական կրթությամբ զինծառայողներն ազատվում են աշխատանքից

129

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում ընթանում են զինված ուժերի արմատական վերափոխման գործընթացները: Սա վերաբերում է հիմնականում անձնակազմին. միջին, ավագ և բարձրագույն օղակների սպաները փոխարինվում են թուրքերով կամ տեղական ռազմական անձնակազմով, որոնք պատրաստվել են թուրքական կրթական հաստատություններում: Յուրաքանչյուր ոք, ով կրթություն է ստացել Ռուսաստանում կամ գոնե ինչ-որ կապեր ունի Ռուսաստանի Դաշնության հետ (օրինակ՝ այնտեղ բնակվող հարազատներ), աշխատանքից ազատվում է համապատասխան ձևակերպմամբ կամ առանց դրա: Այն սպաները, որոնք կենսաթոշակային տարիքին մոտ են, ուղարկվում են թոշակի՝ ժամկետից շուտ: Այս մասին գրում է Волна Каспия ինֆորմացիոն պորտալը։

Միևնույն ժամանակ, թուրքական ուսումնական հաստատությունների ադրբեջանցի շրջանավարտների մեծ մասը թուրքական հատուկ ծառայությունների, մասնավորապես՝ MİT-ի (Milli İstihbarat Teşkilatı)՝ Ազգային հետախուզական կազմակերպության գաղտնի գործակալներ են:

Ավելին՝ ցածր մակարդակի սպաներին և նույնիսկ ենթասպաներին փոխարինելու միտում կա. դասակի և երբեմն վաշտի հրամանատարները կրճատումների տակ են ընկնում: Ռուսաստանի հետ մասնագետի ցանկացած, նույնիսկ փոքր կապը կարող է հիմք դառնալ աշխատանքից ազատելու համար:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի բնիկ ժողովուրդներից սպայական կազմը հեռացվում է պաշտոններից՝ անկախ ռազմի դաշտում ծառայողական արժանիքներից կամ սխրանքներից: Այս միտման վառ օրինակը լեզգի հայտնի գնդապետ Թեհրան Մանսիմովն է, որը, ըստ ամենայնի, մասնակցել է ադրբեջանական զորքերի կողմից Լեռնային Ղարաբաղի մի շարք բնակավայրերի գրավմանը: Նա աչքի է ընկել բազմաթիվ լուսանկարներով և տեսանյութերով, տարածվել են որոշ «սխրանքների» մասին լուրեր, բայց, ի վերջո, ոչ միայն նրան նույնիսկ շքանշան չտրեցին, այլև պատերազմից անմիջապես հետո ուղարկեցին թոշակի, թեև դեռ բավականին երիտասարդ է:

Թուրքմենները (թուրքոմաններ)՝ հյուսիսային Սիրիայի տարածքներից Անկարայի կողմից Ադրբեջանի տարածք տեղափոխված թուրքական պրոքսի ուժերը, հատուկ դեր են խաղում ադրբեջանական բանակի վերակազմավորման գործում: Նրանցից մոտ 8-10 հազարը այժմ տեղակայված են Իրանի սահմանի երկայնքով՝ մինչև Աստարա: Հիմնականում զինվորներ են: Պորտալի տեղեկություններով՝ հրամանատարական կազմի մեջ թուրքմեններ չկան. նրանց ղեկավարում են կա՛մ թուրք սպաներ, կա՛մ Թուրքիայում կրթություն ստացած ադրբեջանցիներ:

Այսպիսով՝ ադրբեջանական բանակը միանգամից մի քանի ուղղություններով անցնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության վերահսկողության տակ: Մի կողմից՝ հրամանատարության կառուցվածքն ամբողջությամբ փոխվում է՝ դառնալով թուրքամետ կամ նույնիսկ թուրքական, մյուս կողմից՝ Ադրբեջանի զինված ուժերի կառուցվածքում ստեղծվում են թուրքմենական ռազմական կազմավորումներ, որոնք անմիջականորեն ենթակա են Թուրքիայի պաշտպանության նախարարությանը և ոչ մի կերպ կախված չեն, ըստ էության, ադրբեջանական հրամանատարությունից: Բացի այդ՝ շարունակվում է Ադրբեջանի բնիկ ժողովուրդների զինծառայողներին դուրս մղելու և նվաստացնելու միտումը, ինչը ընդունված է երկրի պանթյուրքիստական և ազգայնական ղեկավարության համար: Այս ամենը ադրբեջանական բանակը վերածում է Թուրքիայի պաշտպանության նախարարության ստորաբաժանման, որը կատարելու է նրա բոլոր ցուցումները և ամբողջությամբ գործելու է՝ Անկարայի շահերից ելնելով: Սա, թերևս, երբեմնի անկախ Ադրբեջանի ամենաակնհայտ և նշանակալի քայլն է որպես վիլայեթ Թուրքիայի վերահսկողության տակ ամբողջապես անցնելու գործում: