40 օր ստեցին մեզ, նվիրական խոսքը դարձավ պլակատ՝ «Հաղթելու ենք»․ տեր Շահե

108

Աշխատում եմ այլեւս լուրեր չլսել: Երբ նվիրական խոսքը դարձավ պլակատ՝ «Հաղթելու ենք», հասկացա՝ ստի մեջ ենք անընդհատ. ի պատասխան Yerkir.am-ի հարցադրմանը՝ ի՞նչ զգացում ունեցաք, երբ Ալիեւը շրջում էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, տխուր, ալեկոծված ասում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Շահե քահանա Հայրապետյանը։

«Լավ է՝ հայի աչքերում ընթերցելով իր տխրությունը, ավելի զգաստանամ, սնվեմ Սուրբ գրքի, արվեստի «կերակուրով», քան թե կերակրվեմ աշխարհի թափոններով, որը ոչ մի օգուտ չպիտի բերի մեզ։ Ինչո՞ւ հրամցնել այն նեգատիվը, որը կործանում է իմ գենը, ընտանիքը, հայի տեսակը, իմ հայրենիքը»,- ասում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Շահե քահանա Հայրապետյանը։

Հարցին՝ իսկ որ այս պահին Արցախում ադրբեջանցին պղծում է մեր արվեստը, ո՞վ պիտի տեր լինի մեր արվեստին, ի՞նչ է արվում պետական մակարդակով, պատասխանում է․ «Պետությունը պետք է տեր լիներ այդ ամենին, որ այս պատերազմը չլիներ։ Կրկին հույսը դնում է օտարազգի, այլ դավանություն ունեցող ազգի՝ ռուսի վրա՝ ասելով՝ նրանք եկել էին, որ պահպանեն, ինչո՞ւ չպահպանեցին։ Դա շատ խեղճ տեսություն է։ Ես կարծում եմ՝ կգա մի օր, որ այս խեղճությունից դուրս կգանք՝ հիշելով մեր Ավարայրը, մեր Սարդարապատը»։

Ադրբեջանը բացահայտ հակահայկական քարոզչություն է տանում, զուգահեռաբար, վարչապետն այց է ունենում Մոսկվա, վերադարձին հայտնում է, որ պետք է ճանապարհներն ապաշրջափակվեն, ի՞նչ վտանգ է տեսնում, օրինակ՝ ադրբեջանագետները նշում են, որ պետք չէ ապաշրջափակել եւ ստեղծել շփում այն պետության հետ, որը բացահայտ հակահայկական քարոզչություն է տանում: Սրան զրուցակիցս արձագանքում է. «Երբ թուրքն ասում է՝ ես պետք է հայաստանցիների հետ առեւտուր անեմ, սահմանները բացեմ, եւ այսօր Ադրբեջանում հայերեն են ուսուցանում դպրոցում,  եւ գրաբար՝ անգամ, դա նշանակում է, որ տարիներ հետո կգան հայախոս ադրբեջանցիներ, կմտնեն Հայաստան։ Ահա այս վտանգն եմ ես տեսնում»:

Ադրբեջանագետների խոսքերն եմ կրկին մեջբերում, ասում են՝ Ադրբեջանում ուսուցանում են այնպիսի քարտեզներ, որոնցում նշվում է, թե Երեւանը, Սեւանը եւ մի շարք այլ հայաստանյան բնակավայրեր ադրբեջանական տարածքներ են, մինչդեռ՝ մենք դուրս ենք թողնում հայագիտական առարկաները, հանում ենք «Հայ եկեղեցու պատմություն» դպրոցական առարկան։

«Անդրադառնանք մեր հոգեւոր պետի՝ կաթողիկոսի վերաբերմունքին, որն ուղղակի զարմացած է, շիվարած է։ Կարծում եմ՝ ազգը պետք է իր ողնաշարը շտկի, իր ընտրությունների մեջ դարձյալ չվրիպի, մերկապարանոց հայտարարությունների ետեւից չգնա, թմբուկների հարվածներից չոգեւորվի։ Այս դեպքում՝ հաճախ չէ, որ ձայն բազմաց, ձայն Աստծո է»,- ասում է տեր Շահեն։

Լիանա Սարգսյան

Yerkir.am