Քոչարյանի իշխանության 10 տարիներին ունեցել ենք 92 մարտական զոհ․ ամրության և խաղաղության տարիներ. politik.am

86

Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը շարունակում են անհույս փորձեր իրականացնել, համեմատության մեջ մտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին արձանագրված հաջողությունների հետ։

Որքան էլ գուցե շատերին զարմանալի թվա՝ Փաշինյանի իշխանության համար անտանելի բեռ է նաև այն հանգամանքը, որ Քոչարյանի իշխանության տարիներին սահմանին հայկական կողմը քիչ մարտական զոհեր է ունեցել։

Իշխանական քարոզչամեքենայի լկտիությունն այնքան մեծ է, որ փորձում են իրենց ձեռքի տակ եղած ֆեյք մեդիառեսուրսներով հանրությանը համոզել, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին մենք սահմանին ունեցել ենք հազարավոր զոհեր, իսկ իրականությունն այն է, որ քոչարյանական 10 տարիները եղել են խաղաղության և զարգացման եզակի տարիներ։

Պաշտոնական աղբյուրների համաձայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության 10 տարիների ընթացքում Հայաստանի և Արցախի բանակները ունեցել են 92 մարտական կորուստ։ Մեզ համար մեկ զինվորի կյանքն էլ իհարկե անգնահատելի է, բայց այս տարածաշրջանում անհնար է ունենալ լիարժեք խաղաղություն։  Հայաստանցի շատ քաղաքական գործիչների համար իդեալականին մոտ համարվող իսրայելական բանակն օրինակ տարեկան ավելի քան 50 մարտական զոհ է ունենում։

Հետաքրքիր է նաև, որ նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին մեր սահմանների նկատմամբ իրականացված ոտնձգությունները խիստ պատժի էին արժանանում։  Ըստ ադրբեջանական «Զերկալո» թերթի  հրապարակած տվյալների, ադրբեջանի բանակը 2003-2006 թվականներին ունեցել է ավելի քան 100 մարտական զոհ։ Նկատենք, որ նույն ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 32 մարտական զոհ։

Սրանք թվեր և փաստեր են, որոնք անհնար է կեղծել։ Սրանք թվեր և փաստեր են, որոնք խոսում են նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հայկական բանակի մարտունակության վիճակի մասին և մեր սահմանների ամրության մասին։

News.am