Հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ՔԿ ներկայացուցիչը՝ Կուտոյանի մահվան մասին

137

ԱԱԾ նախկին տնօրեն Գերոգի Կուտոյանի մահվանից մեկ տարի անց, ՔԿ-ում Կուտոյանի ինքնասպանության վարկածը քննելու  ողջ ընթացքում, դեռևս չի պարզվել այն հարցի պատասխանը, թե ինչու էր 39-ամյա ԱԱԾ նախկին տնօրենը գնացել այդ քայլին:

Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ՔԿ Հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հայտնեց, որ այս դեպքի առթիվ որևէ տեղեկություն չհրապարակելը պայմանավորված է հարազատների՝ ՔԿ դիմելու փաստով, իսկ երկար տևողությունն էլ՝ քննչական գործողությունների ծավալով և փորձաքննությունների կատարման ժամկետներով:

«Իրավահաջորդները դեռ անցած տարի դեպքից հետո դիմում են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի տվյալներ չհրապարակենք: Եթե Դուք իրենց հետ պայմանավորվեք, դիմում ներկայացնեն տվյալներ հրապարակելու, մենք կհրապարակենք:

Կասկածյալներ, մեղադրյալներ չունենք, նախաքննությունը շարունակվում է: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն էլ, փորձաքննություններն ամբողջությամբ կատարվել են, մեծ ծավալով քննչական գործողությունները կատարվել են: Քրեական գործի հարուցման պահին, գիտեք, հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, քանի որ այլ հիմքեր այլ հոդվածով հարուցելու համար չեն եղել»,- ասաց Արթուր Մելիքյանը:

Հարցին, թե մեկ տարվա ընթացքում քննություն է տարվել, արդյո՞ք կասկած չկա, թե ով է հասցրել ինքնասպանության ԱԱԾ նախկին տնօրենին, երբ ՔԿ-ից պնդում են, թե հասցրել են ինքնասպանության, քննել են գործը, 1 տարի անցել է և ոչինչ չի պարզվե՞լ, ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության պետը արձագանքեց.

«Չենք պնդում, որ հասցրել են ինքնասպանության, պնդում ենք, որ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու առերևույթ փաստով դեպքի առթիվ, որովհետև այդ պահին այլ հոդվածով չէինք կարող առերևույթ որակել, հարուցել: Նախաքննությունը շարունակվում է: Այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք…

Հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել՝ ոչ միայն քննչական գործողությունների արդյունքներով, այլև փորձաքննություններով»:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի հունվարի 17-ին, Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Դեպքի վայրում մոտ 4 ժամ ուսումնասիրություն իրականացնելուց հետո ՔԿ Հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հայտնել էր, թե դեպքի վայրում՝ այնտեղ, որտեղ հայտնաբերվել էր դին,  հայտնաբերվել է նաև GLOCK տեսակի ատրճանակ, 40-ից ավելի պարկուճներ և գնդակներ, իսկ պատերին էլ եղել էին վնասվածքներ: Հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար:

Նշենք նաև, որ  հունվարի 12-ին ՔԿ-ից հայտնել էին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է, քանի որ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի՝ որպես մեղադրյալ: