Բայդենը հրամանների առաջին շարքով չեղարկել է Թրամփի որոշումներից շատերը

94

Ջո Բայդենը սկսել է վերջին 4 տարում իր նախորդի գործողությունների չեղարկումը՝ նախագահի պաշտոնում իր առաջին օրը ստորագրելով հրամանների շարք, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Սպիտակ տան նոր ղեկավարը, մասնավորապես, հրաման է ստորագրել կլիմայի հարցերով Փարիզյան համաձայնագրին ԱՄՆ-ի միանալու մասին, որից երկիրը դուրս էր եկել Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո: Դրանից բացի, Բայդենը չեղարկել է Թրամփի որոշումները Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու, գերազանցապես մուսուլման բնակչությամբ որոշ երկրներից ԱՄՆ մուտքի արգելքի մասին:

Կապիտոլիումում նոր նախագահի երդմնակալությունից փաստացի անմիջապես հետո նրա օգնականները հայտարարել են, որ Բայդենը կչեղարկի գերազանցապես մուսուլման բնակչությամբ որոշ երկրներից ԱՄՆ ուղեւորությունների սահմանափակումները, կկասեցնի ԱՄՆ եւ Մեքսիկայի սահմանի երկայնքով պատի կառուցումը, ինչպես նաեւ կրկին կմիանա կլիմայի հարցերով Փարիզյան համաձայնագրին եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Անցումային թիմի ներկայացուցիչները նաեւ նշել են, որ Բայդենը կխստացնի համակարգային ռասիզմի եւ գենդերային նույնականության կամ սեռական կողմնորոշման հիմքով խտրականության դրսեւորումների դեմ պայքարի միջոցառումները: Կչեղարկվի նաեւ Թրամփի հրամանը ոչ քաղաքացիներին մարդահամարից բացառելու մասին:

Բայդենը կկատարի իր նախընտրական խոստումը՝ օգնել ֆինանսապես աղքատ ամերիկացիներին հաղթահարելու կորոնավիրուսային համավարակի հետեւանքները: Նա կերկարաձգի զբաղեցրած բնակարաններից վտարման դաշնային արգելքը եւ դաշնային գործակալություններին կառաջարկի երկարաձգել դաշնային մակարդակում երաշխավորված հիփոթեքային վարկերով գրավագրերի հետգնման ժամկետները:

Նոր նախագահը նաեւ աջակցություն կցուցաբերի ուսանողներին, ովքեր խոշոր կրթական վարկեր են վերցրել, շարունակելով հետագա ութ ամիսների ընթացքում դաշնային ուսանողական վարկերի տոկոսների եւ մայր գումարի վճարումները կասեցնելու պրակտիկան:

News.am