Ով է աշխատանքից ազատված փոխնախարար Խաչատուրյանին վիրավորած կինը

180

Yerkir.am-ը պարզել է, թե ով է Նկարիչների միության տանը ԿԳՄՍ մշակույթի գծով արդեն նախկին փոխնախարար Նարինե Խաչատուրյանին «դավաճանների իշխանության ներկայացուցիչ» անվանած կինը։

Ի դեպ, մամուլը գրում է, որ հենց այս հայտնի միջադեպի հետեւանքով է Փաշինյանը աշխատանքից ազատել Խաչատուրյանին։ Ավելին՝ ռուսաստանցի հայտնի հրատարակիչ, լրագրող Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամյան ալիքում հայտնում է, որ նկարահանված սկանդալային տեսահոլովակը ցույց են տվել Փաշինյանին երեկ երեկոյան, երբ նա արդեն բավական հարբած է եղել։ Ըստ նրա՝ Փաշինյանը հիստերիկա է սարքել եւ կարգադրել անհապաղ ազատել աշխատանքից Խաչատուրյանին: Ընդ որում՝ Փաշինյանին ամենից շատ վրդովեցրել է այն փաստը, որ երբ կինը Խաչատուրյանին անվանել է «դավաճանների կուսակցության ներկայացուցիչ», նա չի պաշտպանել իշխանությանն ու Փաշինյանին։

Պարզվում է՝ Խաչատուրյանին «դավաճանների իշխանության ներկայացուցիչ» անվանած կինը արվեստի եւ մշակույթի գործիչ Սվետլանա Հովհաննիսյանն է, որը 1996 թվականից աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի օգնականն է եղել։ Ընթացքում սովորել է գեղարվեստի ինստիտուտում։

«Մինչ օրս աշխատում եմ «Հայֆիլմ»-ում։ Հիմա արդեն Դավիթ Սահակյանցի հետ գրում եմ, ունեմ շատ պատմվածքներ, 5 մեծ վեպ։ Ստեղծագործում եմ ռուսերեն։ Դա է թերեւս պատճառը, որ Հայաստանում չեմ կարողանում հրատարակվել, թեեւ կարծում եմ՝ պատճառ է նաեւ այն, որ նախաձեռնող չեմ՝ չեմ սիրում իմ «հետեւից ընկնել»։ Նկարում եմ, գործում եմ, ապրում եմ, էլի․․․»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սվետլանա Հովհաննիսյանը։

Նշենք, որ Փաշինյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել է ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը։

Հիշեցնենք, որ երեկ, երբ Yerkir.am-ը Խաչատուրյանից հարցազրույց է վերցրել ցուցահանդեսի ժամանակ, քաղաքացին մոտեցել է փոխնախարարին եւ ամոթանք տվել դավաճանների իշխանության ներկայացուցիչ լինելու համար:

Նաեւ՝ փոխնախարարը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ չի կարող իրեն համարել քաղաքական թիմի ներկայացուցիչ, ինքը մշակույթի ներկայացուցիչ է։

Լիանա Սարգսյան