Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր․ մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ

73

Թմրամիջոցների և արգելված իրերի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում դեռևս 2020 թ․ դեկտեմբերի 21-ին հիմնարկի դատապարտյալ Է. Ծ.-ի խցում գտնվող սուրճի տուփում հայտնաբերվել էր փաթեթ, որում առկա է եղել դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ հաստատված 0.01 գրամ քաշով մեթադոն տեսակի թմրամիջոց, ինչը հիմք է հանդիսացել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական գործ հարուցելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Թմրամիջոցի հայտնաբերման մեկ այլ դեպք բացահայտվել է նաև հունվարի 19-ին․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ժամը 11:30-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, չնախատեսված խուզարկություն են իրականացրել թերապևտիկ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում, ինչպես նաև անձնական զննության են ենթարկել տվյալ հիվանդասենյակում պահվող կալանավորված անձ Ա. Մ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գոտկատեղում քողարկված պարկից հայտնաբերել են թմրամիջոց հանդիսացող ափիոնին նմանվող 4 գրամ քաշով զանգված: Ա. Մ. – ն պատճառաբանել է, որ պարկը գտել է թերապևտիկ բաժանմունքի բակից և վերցրել իր մոտ, որպեսզի հարմար պահի պարզի պարունակությունը:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։