Ամերիկյան նոր վարչակազմը մտադիր է Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը պահել Երուսաղեմում

82

Ամերիկյան նոր վարչակազմը մտադիր է Երուսաղեմում պահել Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև շարունակել այդ քաղաքը որպես պետության մայրաքաղաք ճանաչելու քաղաքականությունը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բլինքենը, որը նոյեմբերին առաջադրվել էր ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կողմից:

Ամերիկյան արտաքին քաղաքականության ղեկավարի պաշտոնի հավակնորդը ելույթ  է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ՝ նվիրված նրա թեկնածության քննարկմանը:

«Համաձա՞յն եք, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Եվ դուք ստանձնո՞ւմ եք, որ Միացյալ Նահանգները կպահպանեն դեսպանությունը Երուսաղեմում»,- լսումների ժամանակ Բլինքենին հարցրել է սենատոր Թեդ Քրուզը: «Այո և այո»,- պատասխանել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարի թեկնածուն:

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը կայացվել է 2017-ի դեկտեմբերին ԱՄՆ պաշտոնաթող նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: ԱՄՆ-ն իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ է տեղափոխել 2018 թ., մինչդեռ Պաղեստինը Երուսաղեմի արևելյան հատվածը համարում է իր մայրաքաղաքը: 2019 թվականին Միացյալ Նահանգները ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, որը պատկանել է Սիրիային և օկուպացվել 1967 թվականի վեցօրյա պատերազմի ընթացքում: Համաշխարհային հանրության կողմից այս քայլը գրեթե միաձայն դատապարտվել է: