Մինասյան. Փաստերի եւ թվերի արհեստական խառնաշփոթի, հույզերի եւ արժեքների շահարկումների նպատակը մեղավորների կաշին փրկելն է

78

Պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Այսօր, ինչպես եւ հարյուր տարի առաջ, մենք փորձում ենք պարզել ճշմարտությունը, հասանելիություն ունենալ իրական տվյալներին եւ թվերին: Այս մասին Telegram-ալիքի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ցեղասպանությունից հետո անցած մեկ դարի ընթացքում մենք փորձել ենք հասկանալ, թե իրականում քանի հայ է սպանվել, մորթվել, խեղվել, բռնաբարվել: Թուրքերը, թաքցնելով Ցեղասպանության զոհերի թվի մասին ճշմարտությունը, ամեն կերպ խուսափում են պատասխանից, հղում են անում պետական գաղտնիքներին կամ լկտիաբար ստում են:

Երեսուն տարի առաջ, արդեն մեր օրերում, Ադրբեջանի իշխանությունները ծրագրում եւ իրականացնում էին հայ քաղաքացիների զանգվածային սպանություններ՝ Սումգայիթում, Բաքվում եւ Մարաղայում: Այս ողբերգական իրադարձությունների առաջին իսկ ժամերից մինչ օրս ադրբեջանցի դահիճները դիմում են ստերի եւ կեղծիքների միայն մեկ նպատակով՝ թաքցնել իրական տվյալներն ու թվերը, թաքցնել հանցագործության մասշտաբները: Եւ հայերի միայն ոչ մեծ մասն է պայքարում շահարկումների դեմ՝ ի դեմս ադրբեջանա-թուրքական լոբբիի եւ նրանց հանցակիցների՝ հանդես գալով կեղծիքի դեմ եւ հանուն պատմական ճշմարտության, հանուն թվերի ճշգրտության եւ հանուն ճշմարտության իրավունքի:

Ես երբեք չէի պատկերացնի, որ հայերը երբեւէ ստիպված կլինեն պայքարել իմանալու իրավունքի համար, այս սարսափելի թվերին հասնելիություն ունենալու համար՝ սեփական պետության դեմ, ժողովրդականորեն ընտրված (!) իշխանության դեմ: Բայց դա տեղի ունեցավ:

Այսօր, 21-րդ դարում, մենք ստիպված ենք վերջին պատերազմի ժամանակ զոհվածների, վիրավորների, անհետ կորածների եւ գերիների մասին տվյալներ աղերսել մեր սեփական պետությունից: Իսկ իշխանությունը լկտիաբար ու ցինիկաբար ստում է՝ թաքցնելով ճշմարտությունը եւ հղում անելով պետական գաղտնիքին: Մեզ ոչ մի հստակ բան չեն ասում ոչ մահացածների, ոչ ողջերի մասին: Իշխանությունը խուսափում է թվեր բարձրաձայնելուց` գիտակցելով, որ իրենք ստիպված է լինելու պատասխանել այն բանի համար, ինչ այս մարդկանց հետ տեղի է ունեցել (եւ տեղի է ունենում) եւ ինչ է արվում նրանց տուն վերադարձնելու համար:

Արհեստական խառնաշփոթ փաստերի եւ թվերի մեջ, հույզերի եւ արժեքների շահարկումներն ունեն մեկ նպատակ՝ փրկել մեղավորների կաշին: Եւ սրա համար Նիկոլը պատրաստ է ամեն գնով թաքցնել զոհերի թիվը ժողովրդից, խաբել հերոսների հարազատներին ու տրորել զոհվածների շիրիմները:

Հիշո՞ւմ եք՝ ինչպես էին ստում պատերազմի 44 օրերին: Ստում էին, որպեսզի խլացնեն հույզերն ու արդար տարակուսանքը, որպեսզի առիթ չտան դժգոհելու վախկոտ եւ ստոր իշխանության հիմարությունից ու ցինիզմից: Ստում էին սեփական ժողովրդին, որն «ընտրել էր» այս իշխանությանը, ստում էին այնպես, ինչպես մեղավոր սպասավորն է փորձում է ստել տիրոջը՝ հուսալով հետաձգել անխուսափելի պատիժը: Ստում էին հայ ժողովրդին նույնքան լկտիաբար, այսրոպեական եւ անամոթաբար, ինչպես նախկինում իրենց թույլ էին տալիս ստել միայն մեր թշնամիները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը:

Պաշտոնապես հայտարարվել էր միայն 1300 մահացածի մասին, երբ ես բարձրաձայնեցի Նիկոլին անձամբ զեկուցված զոհերի թիվը` 4750: Այնուհետեւ իշխանությունը սկսեց հապճեպ հերքել իմ ասածը, թեեւ նույն օրը առողջապահության նախարարությունը հայտարարեց 2317-ի, եւ արդեն դեկտեմբերի 11-ի դրությամբ` 2996-ի, հունվարի 4-ի դրությամբ՝ 3360 զոհերի մարմինների մասին: Եւ այս թիվնանընդհատ աճում է…

Այսօր, 21-րդ դարում, Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները որդեգրել են թուրքերի եւ ադրբեջանցիների մեթոդները՝ ստել հայ ժողովրդին, թաքցնել իրական փաստերն ու թվերը: Իսկ մենք 100 տարի անց շարունակում ենք պայքարել ճշմարտության իրավունքի համար: Հիմա արդեն սեփական իշխանության դեմ, որը ձեռք է բերել հայ ժողովրդի երդվյալ թշնամիների սովորությունները եւ դարձել է նրանց ստոր դաշնակիցը»,- գրել է Մինասյանը: