Մահացել է Վիգեն Ստեփանյանը

153

68 տարեկանում ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։

Վիգեն Ստեփանյանը տարբեր թատրոններում խաղացել է ավելի քան 100 դեր, բեմադրել է 43 ներկայացում, նկարահանվել  մոտ 50 ֆիլմում,  խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ նա եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Նրա սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ։

Վիգեն Ստեփանյանի մահվան կապակցությամբ խոր ցավ են հայտնել նրա մտերիմները, բեմընկերները, մշակույթի գործիչները:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ևս ցավակցական հաղորդագրություն է տարածել.

Թեև մահերն արդեն անսպասելի չեն, թեև մահվան մասին լուրերին, ցավալիորեն, սովորեցինք, բայց միևնույն է՝ անհնար է չասել, որ Վիգենի մահվան լուրն անսպասելի էր, անընդունելի, անհաշտվելի:

Վիգենը կյանքով լեցուն մարդ էր՝ տաղանդավոր արտիստ ու բեմադրիչ, իր հմայքով առանձնացող, իր արտիստիզմով ու հումորով յուրահատուկ, իր ճանաչումի ու փառքի նկատմամբ անտարբեր, ամենայն մարդկայինի նկատմամբ հանդուրժումով, կեղծիքը, սուտը, անմարդկայինը չտանող, քաղաքացու իր հստակ ու ընդգծված կերպով, իր խոսքի նկատմամբ պահանջկոտ ու խոսքից չվախեցող:

Վիգենը երկար, մեծ ու բեղմնավոր ճանապարհ անցավ կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում՝ թողնելով մեծ ու փոքր դերերի, կերպարների, մարմնավորումների մի հսկայական ժառանգություն:

Վիգենը չխորշեց երկրորդային, երրորդային դերերից, էպիզոդներից, որովհետև տաղանդավոր էր ու գիտեր, որ իր մի քանի վայրկյանանոց հայտնությունն անգամ բեմում կամ էկրանին մնալու է որպես մնայուն, հիշվող, սիրված:

Վիգենը չծանրացավ իր լրջագույն դերերի բեռով, ընդունեց ու տարավ թեթևությամբ, որովհետև իր ծառայությունն արվեստին էր ու մեծ էր այդ ծառայությունը:

Վիգենը ստեղծեց բեմադրություններ, արարեց ներկայացումներ արվեստի ամենատարբեր ուղղություններում՝ թողնելով արվեստ, չկրկնվող գործեր, մնայուն ստեղծագործություններ:

Վիգենը սովորեցրեց երիտասարդներին, սովորեց երիտասարդներից ու մնաց նրանց սիրելին, նրանց ընկերը, նրանց ուսուցիչը:

Վիգենի կորուստը ոչ միայն մշակութային մեծ կորուստ էր, ոչ միայն կինոյի ու թատրոնի անդառնալի կորուստն էր, ոչ միայն կայացած արտիստի ու բեմադրիչի ցավալի կորուստ էր, այլև մարդու կորուստ էր՝ իր տեսակով, ընկալումներով, մոտեցումներով, քաղաքացիությամբ, բարությամբ ու մեծ սրտով մարդու կորուստ: Ամբողջությամբ արվեստի մարդու կորուստ:

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության, միության վարչության ու բոլոր մեր գործընկերների անունից խորապես ցավակցում ենք Վիգենի ընտանիքի անդամներին, բարեկամներին, հարազատներին, բոլորիս՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր: